Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Առաջին ընթերցմամբ ընդունվեց անշարժ գույքի վերաբերյալ լայն քննարկման արժանացած օրինագիծը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնել և որպես մեկ՝ ամբողջական գույքի  մասով հարկում իրականացնել, ունենալ շուկայականին մոտ կադաստրային գնահատման համակարգ և այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է նաև ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի  կադաստրային գնահատման արդյունքում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին՝ տարատեսակ շահարկումների տեղիք չտալու համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հորդորեց այժմ դեմ քվեարկել և մինչև մայիս աշխատել օրենքի փոփոխությունների վրա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ արեց միանշանակ կողմ քվեարկել և փոփոխությունները կատարել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Օրենքի նախագիծն ընդունվեց 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:

Օրինագծով նախատեսված է.

1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման,

2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում,

3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,

4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում,

5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ