Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ՀՀ. Խնդիր է դրված քաղաքացուն ցույց տալ, թե այս պահի դրությամբ որքան է իր գույքային համալիրի գինը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ երեկ քննարկեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանի խոսքով, այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում շտկելու այն անհամապատասխանությունը, երբ շքեղ, մեծ եւ ճոխ գույք ունեցողն ու մեկ-երկու սենյականոց բնակարանի սեփականատերը մուծում են գրեթե նույն կարգի գումար։ «Ակնհայտ է, որ սա աղճատված համակարգ է եղել եւ խնդիր է դրված բոլոր հնարավոր գործոնները հաշվի առնելով քաղաքացուն ցույց տալ, թե այս պահի դրությամբ որքան է իր գույքային համալիրի գինը»,- ասել է նա։ Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը գտնում է, որ թեեւ նախագիծը կադաստրային արժեքին է վերաբերում, սակայն դրան հաջորդելու է գույքահարկի բարձրացումը, ինչը կարող է էլ ավելի խոցելի դարձնել հասարակության անապահով շերտերին։ «Չի կարելի կտրուկ վիրահատական մոտեցում ցուցաբերել։ Համաձայն եմ, որ այսօր կադաստարային արժեքը իրականության հետ համահունչ չէ, բայց միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերը՝ ճիշտ կարգավորում տալու համար, իսկ դա սկսվում է ճիշտ պլանավորումից։ Գույքահարկը եւ կադաստրային արժեքը պետք է քննարկվեն մեկ ընդհանուր փաթեթով, այլ ոչ թե առանձին-առանձին»,- նշել է Ծառուկյանը»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ