Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս անվտանգության համակարգին ծանոթանալու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ուղեկցել են փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և այլք:

Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնում և ուղեբեռների զննման կետում, որտեղ ժամանակակից սարքավորումների միջոցով հետևել է անվտանգության հսկողության կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև ուղեբեռի ռենտգենային զննման գործընթացին։
Նախարարին տեղեկացվել է, որ օդանավակայանի անվտանգության համակարգը համապատասխանեցված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին:

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է անվտանգության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները և ընդգծել, որ քաղավիացիայի անվտանգությունը երկրի անվտանգության կարևորագույն ցուցիչներից է։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ