Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 11-ին  ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս այցը լավ հնարավորություն է՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև խաղաղության ու անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ 

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը բարձր են գնահատել ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այդ առնչությամբ նաև բարձր է գնահատվել ԱՄՆ-ի` այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրվող ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ