Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» (Advancing the Frontiers of Monetary Policy) թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը նշել է, որ համաժողովի թեման ինքնին խոսում է դրամավարկային քաղաքականության կառուցակարգերի ձևավորման գործում կենտրոնական բանկերի անցած և անցնելիք երկար ուղու մասին: «Համաժողովը մի հարթակ է, որտեղ կենտրոնական ու ազգային բանկերի ներկայացուցիչները և ակադեմիական աշխարհը կարող են քննարկել դրամավարկային քաղաքականության արդի հարցերը և դրանց լուծումները: Այդ հարցերը գնալով ավելի բարդանում են: Բարձրանում են նաև կենտրոնական և ազգային բանկերից ակնկալիքները», ասել է նա:

Եռօրյա համաժողովի նպատակն է մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին և ակադեմիական շրջանակներին հնարավորություն ընձեռել քննարկել քաղաքականության մշակման մեջ օգտագործվող մոդելների արդի խնդիրները և զարգացման նոր ուղղությունները։ Համաժողովի հիմնական խոսնակներն են Մորիս Օբստֆելդտը՝ Բերքլիի համալսարանի դասախոս, Դուգլաս Լաքստոնը՝ միջազգային փորձագետ, Թոմաս Հոլուբը՝ Չեխիայի ազգային բանկի խորհրդի անդամ և Ասսաֆ Ռազինը՝ Թել-Ավիվի համալսարանի դասախոս։

Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովին մասնակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Ավստրիայի, Կանադայի, Իտալիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Չիլիի,  Ուկրաինայի, Վրաստանի, Ֆիլիպինների ազգային և կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք միջազգային հեղինակավոր համալսարանների գիտնականներ և դասախոսներ:

 Համաժողովի հիմնական թեմաներն են գնաճի նպատակադրման ռազմավարությունը, «ոչ-ստանդարտ» դրամավարկային քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում ֆինանսական ցուցանիշների դերը, ինչպես նաև մակրոքաղաքականության մոդելավորմանն առնչվող այլ արդիական հարցեր:

Համաժողովին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել հետևյալ հղումների օգնությամբ.

  1. ՀՀ ԿԲ ֆեսբուքյան էջում (https://www.facebook.com/cba.arm/posts/1423230271159115?notif_id=1568181541667852&notif_t=page_post_reaction&ref=notif):
  2. ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով (https://www.youtube.com/channel/UCLokAfM87k0QoJrLNxtBSdQ/feed):

Սա երկրորդ նման համաժողովն է Հայաստանում: 2016 թ-ի սեպտեմբերին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Մակրոտնտեսագիտության արդի խնդիրները» թեմայով մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը:

           




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ