Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հին և Նոր Երևանը՝ մեկ հարթակում. «Ֆոտոլուր» գործակալությունը ներկայացավ նոր ցուցահանդեսով

Հին և Նոր Երևանը՝ մեկ հարթակում. «Ֆոտոլուր» գործակալությունը ներկայացավ նոր ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում «Ֆոտոլուր» գործակալությունն անցկացրեց ցուցահանդես` ներկայացնելով լուսանկարներ, որոնցում պատկերված է Հին և Նոր Երևանն իր ամբողջ հմայքով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 10-ին Երևանի պատմության թանգարանում:

«Այստեղ գործակալության արխիվի մի փոքր մասն է ցուցադրված` քառասուն կամ հիսուն լուսանկար: Մեր հարուստ արխիվում են հորս` Նեմրութ Բաղդասարյանի, եղբորս` Հերբերտ Բաղդասարյանի, իմ աշխատանքները: Լուսանկարիչների ընտանիք ենք. այսօր ֆոտոլրագրությամբ են զբաղվում որդիներս` Հայկն ու Վահրամը»,-պատմեց  լուսանկարիչ, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ լուսանկարը ստեղծվելու պահից դառնում է պատմություն, իսկ երբ ժամանակ է անցնում, այն ավելի է արժևորվում: Բաղդասարյանի խոսքով` մենք հաճախ վատ ենք զգում, որ Հին Երևանից շատ բան ենք կորցրել, բայց պետք է տեսնել, որ շատ բան ենք ձեռք բերել այսօր:

Հին և Նոր Երևանի լուսանկարները մեկ հարթակում ներկայացնելով` լուսանկարիչը ցանկացել է ցույց տալ, որ ոչ միշտ է Հին Երևանը հրաշալի և պետք է գնահատել այն դրական առաջընթացը, որը կա ներկայիս Երևանում: «Լուսանկարներով տեսնում ես պատմությունը»,-նշեց նա:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Տաթևիկ Մնացականյանն էլ  ասաց, որ Երևանը մշտապես բոլորի սրտերում է: «Մայրաքաղաքի գեղեցիկ պատկերներն ամեն վայրկյան կարող ենք ֆիքսել լուսանկարչության միջոցով: Դա փաստ է, պատմություն է: Այս լուսանկարներում Հին և Նոր Երևանն է: Շատերը պնդում  են, որ մենք կորցնում ենք Հին Երևանը: Ցուցահանդեսում մարդիկ կարող են զմայլվել և’ հնով, և’ նորով»,-ընդգծեց նա:

Միջոցառմանը Մելիք Բաղդասարյանը Երևանի լուսանկարներով սկավառակ նվիրեց Երևանի պատմության թանգարանին` արխիվը հարստացնելով վաթսուն աշխատանքով:

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն: Լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում: Լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Նախագահի նստավայր, դրանք փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում: «Արմենպրես»-ը հանդես կգա ցուցադրություններով, և գործընկերներ «Կոնվերս» բանկի ու Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ իրականացվելու է «Հովհաննես Թումանյանի հետահայացը», որը նվիրված կլինի բանաստեղծի 150-ամյակին: Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]