Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանը չի կարող ստանալ ՀԱՊԿ-ի «գործընկեր» կամ «դիտորդ» կարգավիճակներից որևէ մեկը

Ադրբեջանը չի կարող ստանալ ՀԱՊԿ-ի «գործընկեր» կամ «դիտորդ» կարգավիճակներից 
որևէ մեկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ անդամ-պետություններում ընթանում են համապատասխան ներպետական իրավական ընթացակարգեր, որոնց արդյունքում ուժի մեջ կմտնի Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) 2018թ. նոյեմբերի 8-ին ընդունած որոշումը՝ կից երկու Դրույթներով (Положение), որոնք սահմանում են ՀԱՊԿ-ի «գործընկեր» և «դիտորդ» կարգավիճակների տրամադրման պայմանները և անհրաժեշտ ընթացակարգերը։

Օրերս ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այդ օրինագծերի քննարկման և դրական եզրակացության հետ կապված՝ որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակներում ի հայտ եկան մտահոգություններ առ այն, որ տվյալ որոշման և դրան կից ընդունված փաստաթղթերի հիման վրա Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարող է տրամադրվել որոշակի կարգավիճակ, թեև Բաքվի կողմից այդպիսի հավակնություններ նկատելի էլ չեն։ Նման քաղաքական շահարկումներն ու մեկնաբանությունները բնավ տեղին չեն. ընդունված փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու դեպքում միանշանակ կարելի է պնդել, որ Ադրբեջանը չի կարող ստանալ ՀԱՊԿ-ում վերոնշյալ կարգավիճակներից որևէ մեկը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական կառույցում Հայաստանի ներկայությունը և դիրքորոշումը։

Նախ, անդրադառնանք «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդի կարգավիճակի վերաբերյալ դրույթին»։ Այն մշակվել է՝ համաձայն ՀԱՊԿ Կանոնադրության 21-րդ հոդվածի, ըստ որի՝ «Դիտորդի կարգավիճակի տրամադրման, դադարեցման կամ չեղարկման մասին որոշումը կայացվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից»։ Նույն կանոնադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի որոշումները (բացի ընթացակարգային հարցերից) ընդունվում են կոնսենսուսով ՝ բոլոր անդամների համաձայնությամբ։ Սա նշանակում է, որ Հայաստանը, ինչպես և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, կարող է օգտագործել այս մեխանիզմը՝ ցանկացած պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջանին) նման կարգավիճակի տրամադրումը բացառելու համար։ Դրույթում 2.1.4 կետով վերահաստատվում է կարգավիճակի տրամադրումը կոնսենսուսով։ Ավելին, տվյալ դրույթի համաձայն՝ «Դիտորդի կարգավիճակ ստանալուն հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ» (կետ 1․3)։ Ադրբեջանը, բնականաբար, չի բավարարում այս պահանջին՝ չունենալով դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ։ Նույն կետը սահմանում է նաև, որ Դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը «պետք է հանդես գա միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին», ինչը ևս կարող է դրվել հարցականի տակ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող ռազմատենչ հռետորաբանությունը և ուժի կիրառման պարբերական սպառնալիքները։

Ինչ վերաբերում է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի վերաբերյալ դրույթին», այն սահմանում է հստակ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում միայն պետությունը կարող է ստանալ նման կարգավիճակ (կետ 1․3)։ Այդ չափանիշներից կարող ենք առանձնացել մի քանիսը, որոնք ակնհայտորեն կարող են խոչընդոտել Ադրբեջանին այս կարգավիճակի տրամադրմանը։ Գործընկերոջ կարգավիճակի հավակնող պետությունը, ինչպես և դիտորդի կարգավիճակի պարագայում,  պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չգտնվի զինված հակամարտության մեջ այլ պետության կամ պետությունների հետ, չունենա տարածքային վեճեր հարևան պետությունների հետ։ Ադրբեջանը չի համապատասխանում առնվազն վերոնշյալ երեք պայմաններին։

Ադրբեջանի՝ դրույթում սահմանված այլ չափանիշների համապատասխանելիության հարցը ևս կարող են լինել լուրջ քննարկումների առարկա, ինչպես օրինակ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու և միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին հանդես գալու պայմանները։

Դրույթը սահմանում է նաև գործընկերոջ կարգավիճակի տրամադրման ընթացակարգը, ըստ որի՝ կարգավիճակի թեկնածու պետությունը պետք է Գլխավոր քարտուղարին ներկայացնի գրավոր դիմում՝ ուղղված Հավաքական անվտանգության խորհրդին։ Ի թիվս այլ հարցերի՝ տվյալ դիմումով պետությունը պետք է «պատրաստակամություն հայտնի զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել Կազմակերպության կամ նրա անդամ պետությունների շահերին» (կետ 2․1․1)։ Այս պահանջը բավարարելը ևս Ադրբեջանի պարագայում խնդրահարույց է։ Ինչպես դիտորդի կարգավիճակի դեպքում, գործընկերոջ կարգավիճակը սահմանող Դրույթը ևս հաստատում է, որ «Գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսով» (կետ 2.1.4)։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանին թե՛ դիտորդի, թե՛ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հետ կապված մտահոգությունները չափազանցված են և ոչ հիմնավոր։ Կարևոր է առնվազն արձանագրել, որ ինչպես ընթացակարգային առումով, այնպես էլ ՀԱՊԿ-ի պահանջներին բավարարելու տեսանկյունից Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելու համար առկա են լուրջ խոչընդոտներ, անգամ եթե Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու ցանկություն հայտնի։ Որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ Հայաստանն ունի կառույցում իր տեսակետն ու դիրքորոշումն արտահայտելու իրավունք և հնարավորություն, որոնք իրացվում են թե՛ իրավական մեխանիզմներով, թե՛ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ գործընկերային հարաբերություններով։

Վարդուհի Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]