Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերաբացվեց բուհի խորհրդանիշներից մեկը՝ 4-րդ լսարանը: ԵՊԲՀ գիտական խորհուրդն արտահերթ նիստում որոշեց՝ բժշկական կրթության զարգացման, առողջապահության ոլորտում մեծ ներդրման և ավանդի համար Երևանի պետական համալսարանի թիվ 4 լսարանն անվանակոչել բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ լսարանը թվով 4-րդն է, բայց յուրաքանչյուր համալսարանականի համար՝ առաջինը, քանի որ այս լսարանի հետ են կապված ուսանողական լավագույն տարիները, երիտասարդությունը, հիշողություններն ուսուցիչների մասին: «Վերակառուցված լսարանը կոչ է, սրտաբաց հարվեր մեր լավագույն շրջանավարտներին՝ մասնակից դառնալու համալսարանաշինությանը»,- նշեց ռեկտորը՝ ողջունելով ամերիկաբնակ ականավոր բժիշկներ Հարություն Հովհաննիսյանին և Կարինե Գաբրիելյանին, որոնց հովանավորությամբ իրականացվել է լսարանի վերանորոգման աշխատանքները:

Կարինե Գաբրիելյանն Էմիլ Գաբրիելյանի դուստրն է։ ԵՊԲՀ շրջանավարտ ամուսինները հայրենիքի սահմաններից դուրս հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում։ «Հպարտ եմ, որ այս լսարանը վերաբացվում է իմ պաշտոնավարման ընթացքում, հպարտ եմ, որ վերակառուցմանը, շինարարական աշխատանքներին մասնակցել եմ նաև ես՝ ունենալով ուսանողների աջակցությունը: Սա կրթօջախը սիրելու լավագույն օրինակ է՝ սիրել ուսուցիչներին ու հայրենիքը, և ունենալ պայծառ ապագա»,- հավելեց Արմեն Մուրադյանը՝ շեշտելով, որ համալսարանաշինությունը ԵՊԲՀ-ում ամենօրյա աշխատանք է:

Ակնավիրաբույժ Կարինե Գաբրելյանի խոսքով՝ կյանքի առաջին փուլը՝ ուսանողական տարիներն իր և ամուսնու համար անհոգ էին, երկրորդ փուլում՝ հայրենիքից հեռու սկսվել են իրական դժվարությունները, երբ պետք էր հաղթահարել օտարությունը, մասնագիտական ոլորտում կայանալու խոչընդոտները: «Եկավ այն օրը, երբ մենք ամուր կանգնեցինք մեր ոտքերի վրա: Ետ նայելով կարող եմ ասել, որ այդ ամուր հիքեր դրվել են այս պատերի ներքո: Այս ամենը գիտակցելով՝ յուրաքանչյուրի մոտ վաղ թե ուշ արթնանում է հայրենիք վերադառնալու և այնտեղ փոքրիկ ներդրում ունենալու ցանկությունը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրին, ով մասնակցել է լսարանի վերակառուցման աշխատանքներին:

Գիտական խորհրդի արտահերթ նիստին՝ լսարանի վերաբացման և անվանակոչման առիթով ցուցադրվեց ֆիլմ՝ ներկայացնելով 14 տարի շարունակ Հայաստանի առողջապահական համակարգը ղեկավարած, ականավոր բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի անցած ուղին: Արմեն Մուրադյանը եզրափակելով գիտական խորհրդի նիստը՝ նշեց, որ Էմիլ Գաբրիելյանն ուսուցիչ էր, մարդ, ով ստեղծել է այսօրվա առողջապահական համակարգը՝ թողնելով մեծ դպրոց, ուր հնարավորություն է ստեղծվել ամենաժամանակակից մոտեցումներով պատրաստել բժիշկներ, ինչպես նաև սերունդ, որը հայրենիքից հեռու իր համբավով բարձր է պահում ԵՊԲՀ-ի պատիվը՝ կրելով «Հերացի» շրջանավարտ բարձր կոչումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ