Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սահմանափակ «ռազմական բեմականացում» իսրայելա-լիբանանյան սահմանին

Սահմանափակ «ռազմական բեմականացում» իսրայելա-լիբանանյան սահմանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ին լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպությունն առնվազն 3 հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ՝ տարբեր զինատեսակներով Ավիվի շրջանում թիրախավորելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱՀԱԼ) պատկանող ռազմական օբյեկտներ և 1 մարտակառք։ Ի պատասխան՝ իսրայելական ԶՈւ-ն 40-100 արկ է արձակել Լիբանանի հարավում տարաբնույթ շինությունների ուղղությամբ։ Լարվածությունը զուգորդվել է հռետորաբանական, քարոզչական և հոգեբանական սուր դիմակայությամբ։ Չնայած իրարամերժ տեղեկատվության՝ 2 կողմից էլ մարդկային կորուստներ չեն արձանագրվել։

Իսրայելա-լիբանանյան հիմնախնդրի շրջանակում գրանցված կարճաժամկետ ռազմական սրացումն առավելապես ռազմական բեմականության տպավորություն էր ստեղծում, որն ի ցույց դնելով՝ հակամարտ կողմերից յուրաքանչյուրը սահմանափակ, առավելապես ոչ ռազմական բնույթի խնդիրներ է լուծում։ Վերոնշյալի մասին կարելի է հավաստել՝ հիմնվելով առնվազն հակամարտ կողմերի ներկայացուցիչների հայտարարությունների, նաև վարքի վրա։ Նախ «Հիզբալլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն էր գործողությունից ընդամենը 1օր առաջ հայտարարել հենց նման բնույթի պատասխանի հնարավորության մասին՝ ակնարկելով անգամ դրա աշխարհագրական և ժամանակային սահմանները (1 օր անց էլ նշել էր  դրված նպատակին հասնելու մասին): Իսկ փոխադարձ կրակից հետո իրավիճակը հավելյալ սրելուց խուսափելու վերաբերյալ կողմերի ուղերձները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, որոշ արտաքին դերակատարների սահմանափակ թեմատիկ հռետորաբանությունը ևս հավաստում է, որ արձանագրված սահմանային լարվածությունը հազիվ թե տևական բնույթ կրի։

Ընդհանուր առմամբ, նաև նշված ընդհարումը պետք է դիտարկել ոչ միայն մասնավոր «Հիզբալլահ-Իսրայել» այլ առավել լայն՝ իրանական հիմնախնդրի համատեքստում։ Իրավիճակային տեսանկյունից՝ լիբանանյան խմբավորման հարվածները պատասխանն են օգոստոս ամսվա վերջին տասնօրյակում Իսրայելի կողմից Իրաքի, Սիրիայի և Լիբանանի տարածքներում իրանամետ ուժերի դիրքերի դեմ իրականացված հատուկ գործողությունների։ Ինչ խոսք, 2013թ.-ից հատկապես Սիրիայի տարածքում իրականացված հարվածների առումով իրանամետ ուժերը հիմնականում բանավոր, իսկ եզակի դեպքերում նաև ռազմական մանևրների տեսքով պատասխանել են Իսրայելի նմանատիպ գործողություններին։ Մինչդեռ այս գործողության կարևորությունը պայմանավորված է հատկապես այն իրողությամբ, որ այն հետևեց Իրաքի և Լիբանանի տարածքներում տեղ գտած հարձակումներին։

Իրանամետ ուժերի դաշինքում անհրաժեշտ է ընդգծել հատկապես Լիբանանի գործոնը, քանի որ ներկայում իսրայելական կողմն առավելապես զգուշանում է հենց հյուսիսային սահմանից բխող սպառնալիքներից։ «Հիզբալլահի» հատկապես հրթիռային զինանոցը հաշվարկվում է տասնյակ հազարներով, իսկ կառույցի ղեկավարը վայելում է բացառիկ հեղինակություն ոչ միայն Լիբանանում և ոչ միայն ազգությամբ արաբ շիա ազգաբնակչության շրջանում։ Հետևաբար, սեփական խոսքին համապատասխան գործելու անհրաժեշտությունը հույժ կարևոր էր Նասրալլահի համար։

Մյուս կողմից, Իսրայելում  անվտանգային իրավիճակի խաթարման միջոցով իրանամետ ուժերը նպատակ են հետապնդում հարվածել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեղինակությանը՝ հատկապես սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, մանավանդ, երբ նախընտրական շրջանում վերջինի գործերն այնքան էլ սահուն չեն ընթանում։ Ի դեպ, նման մարտավարությունը որոշակի արդյունավետություն ապահովեց նաև ս.թ. ապրիլի 8-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների հետ կապված, երբ Գազայի հատվածից իրանամետ «Իսլամական ջիհադ» խմբավորման սահմանափակ ռազմական գործողությունը մի քանի օր օրակարգ թելադրեց իսրայելական նախընտրական դիսկուրսում։ Նաև դրա ազդեցությամբ, չնայած Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը չնչին առավելություն արձանագրեց ընտրություններում, այդուհանդերձ, Նեթանյահուին այդպես էլ չհաջողվեց կառավարություն ձևավորել։  Նշվածի համատեքստում, հարկ է ընդգծել, որ արդեն սեպտեմբեր 2-ին անցկացված մի քանի սոցհարցումների արդյունքներով «Լիքուդը» զիջել է առաջատարի դիրքը։

Իսկ Նեթանյահուի վերընտրվելը բացառելուն միտված իրանամետ ուժերի քայլերը կարևորվում են այն իրողությամբ, որ հենց նրա գլխավորությամբ ձևավորվելիք աջակողմյան կառավարության հետ համագործակցությամբ է պայմանավորված ինչպես Սպիտակ տան կողմից իրականացվող հակաիրանական ծրագրի, այնպես էլ պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի կարգավորմանը միտված Դոնալդ Թրամփի վարչակարգի նախապատրաստած «Դարի գործարքի» արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, նաև հարկ է ընդգծել, որ ներկայում Իրանին և դաշնակից ուժերին ևս ձեռնտու չէ տևական լարվածությունը, քանի որ Թեհրանը մի կողմից մեծ դժվարությամբ է  դիմակայում Վաշինգտոնի կողմից վարվող մեկուսացման քաղաքականությանը, մյուս կողմից դաշնակիցների հետ շարունակում է դիրքերի ամրապնդման գործընթացը ողջ տարածաշրջանում։

Իսրայելի գործող իշխանության տեսանկյունից՝ նախընտրական շրջանում հատկապես Լիբանանի հետ սահմանին տևական լարվածությունը  ձեռնտու չէ՝ հաշվի առնելով «Հիզբալլահի» բավական լուրջ հնարավորությունները հնարավոր դիմակայության դեպքում։ Մինչդեռ, հաշվի առնելով «Նեթանյահուին տապալելուն» միտված արշավն Իսրայելի ներսում, չի բացառվում, որ վերջինի համար կարող է ձեռնտու լինել վերահսկելի լարվածությունը Սիրիայում կամ Գազայի հատվածում գործող հակառակորդների դեմ։ Այդկերպ Իսրայելի գործող վարչապետը գուցե կարողանա ապահովել թեկուզ և առժամանակյա հասարակական համախմբում և որպես դրա ուղղակի դրսևորում՝ իր գլխավորությամբ համազգային միասնության կառավարության ձևավորում։

Իսկ հետագա զարգացումների ընթացքը մեծապես պայմանավորված է նախ ԱՄՆ-Իրան դիմակայության շրջանակներում հնարավոր դրսևորումներով, ապա նաև Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և դրանց հաջորդող երկամսյա ընթացքում կառավարության ձևավորման գործընթացով։ Քանի որ Նեթանյահուի՝վարչապետի պաշտոնում մնալու խնդիրը չափազանց կարևոր է ինչպես նախ հենց նրա և Իսրայելի ներսում նրան աջակցող բավական նեղ շրջանակի, այնպես էլ Իսրայելից դուրս վարչապետի արտաքին հովանավորների համար։

Արմեն Պետրոսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]