1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինչո՞վ աչքի ընկավ 2019թ. դեսպանահավաքը

Ինչո՞վ աչքի ընկավ 2019թ. դեսպանահավաքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովը, որն անցավ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Չնայած դեսպանահավաքը վերջին տարիներին ստացել է ամենամյա բնույթ (2018թ. չի կայացել), այս համաժողովն աչքի ընկավ մի շարք առումներով:

Նախևառաջ տարբերվող էր դեսպանահավաքի ձևաչափը, որի շրջանակներում անցկացվեցին նաև թեմատիկ քննարկումներ: Երկօրյա քննարկումների բովանդակային ընդգրկումը ևս բավական լայն էր՝ ազգային անվտանգության արտաքին մարտահրավերներից մինչև ՀՀ նոր իմիջային հնարավորություններ: Նման ձևաչափով քննարկումները մասնագիտական տեսանկյունից կարևոր են, և, հուսանք, կդառնան ավանդական՝ խթանելով նաև արտաքին քաղաքական տարբեր խնդիրների շուրջ մասնագիտական քննարկումները:

Դեսպանահավաքի մյուս կարևոր առանձնահատկությունը դրան հաջորդած այցերի ու հանդիպումների ինտենսիվությունն ու հագեցվածությունն էր: Համաժողովին հաջորդող հինգ օրերի ընթացքում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցներն ունեցել են մի շարք հանդիպումներ, որոնցից կարելի է առանձնացնել հանդիպումները Աժ խորհրդի անդամների, խորհրդարանական պատվիրակությունների և  բարեկամության խմբերի ղեկավարների,  Հայաստանի գործարար շրջանակների, մարզպետների և համայնքային ղեկավարների հետ (հատկանշական է, որ վերջինս կայացավ Գյումրիում), Արցախի նախագահի հետ։ Ստեփանակերտում կայացել է նաև Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։ Բավական խորհրդանշական էր նաև, որ համաժողովի մասնակիցների այցը Ստեփանակերտ համընկավ Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակի հետ:

Հանդիպումների նման շարքը կարելի է դրական գնահատել.  այն լավ հնարավորություն էր, որպեսզի արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն առաջին ձեռքից տեղեկանային տարբեր շահառու շրջանակների (օրինակ՝ գործարարներ, ՏԻՄ-եր) կարիքների և առաջնահերթությունների մասին: Սեփական երկրում առկա իրողություններին լավատեղյակ լինելու խնդիրն առաջնային կարևորություն ունի ցանկացած երկրի յուրաքանչյուր դեսպանի գործունեության արդյունավետության հարցում: Այս ամենը վերաբերում է նաև մեր դիվանագետներին. Թավշյա հեղափոխությունից հետո մի կողմից ձևավորվել էր անհրաժեշտություն, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսը ոչ միայն առավել հստակ պատկերացնի երկրում ձևավորված նոր իրողությունները, մյուս կողմից՝ նկատելի էր արտաքին քաղաքականության շրջանակներում այդ նոր իրողություններից բխող սկզբունքային փոփոխությունների իրականացման կարիք: Թերևս այս խնդիրներն էին հետապնդում նաև դեսպանահավաքը և դրան հաջորդած հանդիպումների շարքը:

Երրորդ կարևոր կողմը, որով աչքի ընկավ դեսպանահավաքը՝ արտաքին քաղաքականության սկզբունքների ամրագրումն էր ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի կողմից: Նախկինում ևս տարբեր տարիների եղել են ՀՀ արտաքին քաղաքականության «կոնցեպտուալիզացիայի» փորձեր՝ արտաքին քաղաքականության հիմքում դնելով «հավասարակշռության», «փոխլրացման» կամ «կոմպլեմենտարության» և տարաբնույթ այլ սկզբունքներ:

ՀՀ գործող կառավարությունը ևս այս հարցում ունի իր մոտեցումները և դեսպանահավաքի ընթացքում ամրագրվեցին երեք հիմնարար սկզբունքներ՝ ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն, որոնք պետք է պայմանավորեն ՀՀ արտաքին քաղաքականությունը:

Ինքնիշխանության սկզբունքի հիմնական առանցքը Հայաստանակենտրոնությունն է և ինքնուրույն ու ինքնիշխան որոշումների կայացման խնդիրը:  Համահայկականության սկզբունքի նպատակը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության ապահովումն ու միասնական ազգային օրակարգի սպասարկումն է, ինչը նոր հնարավորություններ կարող է ստեղծել նաև հայկական դիվանագիտության համար: Ինչ վերաբերում է փոխգործակցության սկզբունքին, ապա այն ենթադրում է Հայաստանի իրավահավասար և փոխշահավետ  գործակցությունը ցանկացած պետության հետ:

Սահմանված այս սկզբունքների հիման վրա էլ պետք է կառուցվի արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և ՀՀ արտաքին քաղաքականությունն ընդհանրապես: Անշուշտ, այս սկզբունքների ներդրումը և դրանց կյանքի կոչման գործիքակազմի մշակումը կպահանջի որոշակի ժամանակ, ինչից հետո միայն կարելի է խոսել՝ արդյոք ընտրված սկզբունքներն արդարացնում են իրենց:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ 2019թ. դեսպանահավաքը նախորդ համաժողովներից տարբերվեց թե՛ ձևաչափային, թե՛ բովանդակային նորույթներով, ինչը կարող է նպաստել ՀՀ արտաքին քաղաքական արդյունավետությանը բարձրացման հիմքերի ձևավորմանը:

Նարեկ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]