Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Սևանա լճի ավազանում ֆիքսված առաջին ուրարտական աղյուսները հնագետը համարում է ֆենոմենալ երևույթ


ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են երկաթի դարաշրջանում ամրոցաշինության շինարարական ավանդույթը նկարագրող նյութեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Էրեբունու հնագիտական արշավախմբի հայկական կողմի համաղեկավար Միքայել Բադալյանը:

«Օձաբերդում մենք ֆիքսել ենք ուշուրարտական և հետուարարտական ժամանակաշրջանի մի շարք կառույցներ և շերտեր: Պարզել ենք, որ հուշարձանը բաղկացած է եղել ամրոցից, միջնաբերդից և արտաքին բնակավայրից: Ամրոցից դեպի հարավ կան դամբարաններ: Այս պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին և շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե՛ հուշարձանի շերտագրության, թե՛ պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ»,- նշեց Բադալյանը:

Նրա խոսքով՝ պեղումներն իրականացվում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» դրամաշնորհի շրջանակներում:

«Մեր միջոցները սուղ են և պեղումներն այս տարի կենտրոնացրել ենք հիմնականում երկու տեղամասում՝ ամրոցում և միջնաբերդի հյուսիս-արևելյան աշտարակին կից թեքահարթակ ենք գտել:  Ամրոցի մոտ բացվել է 3 մետր հաստությամբ կիսակիկլոպյան շարով պատերով մի կառույց: Մեզ համար պարզ դարձավ, որ այստեղ սկզբնական փուլում հիմնաժայռի քարերի վրա դրել են կիսակիկլոպյան շարի քարերը, այնուհետև դրանց կից միջին մեծության քարերով բարձրացրել մակարդակը և զուգահեռ շարել մեկ այլ՝ ոչ այդքան հզոր պատ, ինչի արդյունքում ստացվել է հարթակով միջանցք: Սա բավական հետաքրքիր կառույց է, որն, ունեցել է կարևոր նշանակություն: Գտնված խեցեղենը թույլ է տալիս կառույցի շինարարությունը և հետագա կյանքը վերագրել Ք.ա. 8-6-րդ դարերին: Խիստ հետաքրքիր և կարեւոր արդյունքներ գրանցվեցին Օձաբերդի միջնաբերդի հյուսիս-արևելյան աշտարակի և հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում: Այստեղ դեռևս 2017 թվականին ֆիքսվել էր թեքահարթակ, որը շարունակվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով: Նման թեքահարթակները հատկապես տիպիկ են խեթական ճարտարապետությանը և արվում են պաշտպանողական ու էսթետիկ նպատակներով: Հյուսիս-արեւելյան աշտարակի և հյուսիսային պատի միջնամասում՝  դեպի հյուսիս, բացվել են աղյուսներ և հենապատ: Ընդհանրապես, այս աղյուսները կարելի է համարել Սևանա լճի ավազանում հնագիտորեն ֆիքսված առաջին դասական ուրարտական աղյուսները: Սա ֆենոմենալ երևույթ է, որն անչափ կարևոր տեղեկություն է տալիս տարածաշրջանում Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության և շինարարական ավանդույթների վերաբերյալ»,- ասաց հնագետը:

Նրա պնդմամբ՝ 2019 թվականի պեղումների արդյունքում պարզ է դարձել, որ թեքահարթակն արվել է ավելի ուշ փուլում՝ հավանաբար հետուրարտական ժամանակաշրջանում՝ Ք.ա. 7-րդ դարի վերջից 6-րդ դար ընկած ժամանակահատվածում:

Բադալյանը շեշտեց, որ Օձաբերդում 6 տարում իրականացված հնագիտական պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում տարածաշրջանում ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանների ուսումնասիրության համար:

«Այստեղ բացվել են 2 մետր բարձրությամբ, կանոնավոր ճարտարապետությամբ պատերով և մուտքերով կառույցներ, գտնվել է արտաքին բնակավայրը: Ակնհայտ է, որ Օձաբերդը Սևանի հարավային ավազանում եղել է կարևոր կենտրոն ոչ միայն ուշուրարտական, այլ նաև հետուրարտական ժամանակաշրջանում»,- նշեց  Բադալյանը:

Նրա խոսքով՝  կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագայում, ավելի մեծ ծավալներով, արշավախմբի ավելի ընդլայնված կազմով:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ