Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, անցած 28 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում:

Իմ գործունեության կարևոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից և բացառելով քաղաքական որևէ գործոն:

Ես մշտապես նշել եմ և շարունակելու եմ կրկնել, որ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը բացասական ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է աշխատանք տանեն հանրահայտ այս սկզբունքով, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում:

Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակից: Այս բոլոր գործընթացներում  սկզբունքային կարևորության դեր ունեն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակությունը:

Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս:

Շնորհավորում եմ արցախցիներին և ամբողջ հայությանը համահայկական այս տոնի առթիվ»:

  




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ