1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելինե՛րս, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:

1902 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության մասին: Այն հեղափոխական էր ոչ միայն ամբողջ ֆիլմարտադրության, այլև մարդկային մտածողության մեջ՝ որպես անիրականալի երազանք: Տասնյակ տարիներ անց թռիչքը դեպի Լուսին դարձավ իրականություն, որովհետև ռեժիսոր Ժորժ Մելիեսի ֆիլմը ստիպել էր մտածել ոչ միայն կինոռեժիսորներին: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդը, մեկ գաղափարը կարող են մեծ գործ անել և զարգացնել աշխարհը, ինչպես պետք է երազել և հավատալ երազանքին:

Սիրելի՛ երեխաներ, աշակերտներ, ուսանողներ, Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դա անել՝ թե՛ նրանք, ովքեր այսօր ոտք դնելով դպրոց կամ այլ կրթական հաստատություն՝ հանդիպեցին հին ընկերների, և թե՛ նրանք, ովքեր առաջին անգամ երկյուղած մտել են դպրոց ու հայտնվել զարմանքի ու ինչ-որ տեղ դեռևս անորոշության աշխարհում: Երկու դեպքում էլ, դուք, սիրելիներս, գիտելիքի ձեռքբերման ճանապարհին եք: Ձեզնից ոմանք արդեն անցել են որոշակի հատված, մյուսները դեռ առաջին քայլն են անում, ոմանք արդեն մասնագիտական կողմնորոշման որոնումների մեջ են, ոմանք էլ գրեթե մասնագետ են:

Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան կամ նույնիսկ ամեն ինչ գիտեք: Հավատացեք, որ սովորելու բան միշտ էլ կա, որովհետև աշխարհում ամեն պահ մի նոր բան է ծնվում, որովհետև մարդն անընդհատ մտածում է՝ անկախ տարիքից և ունեցած գիտելիքից: Միտքը մեր բնական ռեսուրսն է, որը դպրոցում կամ բուհում վերածում ենք գիտելիքի կամ համադրում գիտելիքի հետ, և որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք արդյունքը, այնքան կզարգանանք մենք և մեր երկիրը: Կհզորանանք բոլորս միասին՝ յուրաքանչյուրիս ջանքի, գիտելիքի, աշխատանքի ու նվիրումի միջոցով, նրանց շնորհիվ, ովքեր աշակերտ և ուսանող են, ովքեր մանկավարժ են՝ հավատարիմ Ուսուցչի բարձր կոչմանը, ովքեր չեն զլանում սովորել ու սովորեցնել, ովքեր գիտեն գիտելիքի արժեքը, գիտելիքի ուժը:

Մաղթում եմ ձեզ հաջողություն և ձեր բոլոր իղձերի ու երազանքների իրականացում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]