1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած 800 անձ կստանա ամենամսյա 
դրամական օգնություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած  շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:

«ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման  աշխատանքներին մասնակցած այն անձինք, ովքեր եղել են ԽՍՀՄ-ի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ կանչվել են զինվորական վարժական հավաքների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով  հավասարեցվել են զինծառայողներին և ունեն որոշակի իրավունքներ, այդ թվում` ամենամսյա պարգևավճար ստանալու, իսկ կամավոր հիմունքներով Չեռնոբիլ մեկնած անձինք,  ՀՀ կառավարության 2004թ. մարտի 14-ի N318-Ն որոշմամբ օգտվում են միայն պետական պատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից: Այս օրինագիծը նպատակ ունի վերականգնել սոցիալական արդարությունը և միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր տուժած քաղաքացիների նկատմամբ, հատկապես՝ կարևորելով կամավորության սկզբունքը, ինչպես նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ատոմային էլեկտրակայան: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է նշված կատեգորիային պատկանող շուրջ 800 մարդ, որից 300-ը՝ քաղաքացիական անձինք են, որոնց համար որևէ սոցիալական երաշխիք սահմանված չէ: Միաժամանակ, որևէ իրավական ակտով սահմանված չեն նաև «Մայակ» արտադրական միավորման վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց  (Հայաստանի Հանրապետությունում բնակվում է 10 մասնակից) իրավունքները»,- նշված է նախագծում: 

Սույն օրինագիծը կարգավորում է ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանությանն առնչվող  հարցերը, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքներ է սահմանում նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչն ավելի խրախուսելի և գնահատանքի արժանի հանգամանք է:  Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:   

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն, ինչը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը և կդիտարկվի որպես բարոյական փոխհատուցում  այդ անձանց գործած աշխատանքային սխրանքի դիմաց, միաժամանակ, որոշակի արտոնություններից կօգտվեն նաև այն քաղաքացիական անձինք, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև չեռնոբիլցիների երեխաների համար, ովքեր ծնվել են ճառագայթահարված ծնողներից և դրանով պայմանավորված՝ ձեռք բերել որոշակի հիվանդություններ: 

Սույն օրենքի ընդունումը բխում է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1994 թ. սեպտեմբերի 9-ին կնքված (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1995 թվականի օգոստոսի 11-ին) «Չեռնոբիլյան և այլ ռադիացիոն աղետների ու վթարների, ինչպես նաև միջուկային փորձարկումների արդյունքում ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության և առողջության պահպանության մասին» Համաձայնագրի դրույթներից և ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային  աղետների հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից:

 1986թ. ապրիլի 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը մարդկության խոշորագույն տեխնածին աղետներից մեկն էր: Շուրջ 3000 հայորդիներ մեր հանրապետությունից մասնակցեցին այդ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին:

Աղետի հետևանքների վերացման աշխատանքների 3000 մասնակիցներից 400-ը մահացել են, 1600-ից ավելին դարձել հաշմանդամություն ունեցող անձինք, ինչի արդյունքում ճառագայթված ծնողներից ծնվել են տարբեր արատներով հարյուրավոր երեխաներ:

 ԱՊՀ համարյա բոլոր երկրները  վաղուց ընդունել են ՉԱԷԿ-ի մասնակիցների սոցիալական պաշտպանությանն առնչվող օրենք, բացառություն է կազմում Հայաստանը: 

   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]