Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Կարգավիճակն ու անվտանգությունը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անկյունաքարեր


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բարձրաձայնվեցին անկյունաքարային մի շարք թեզեր, որոնք կարևոր են մեր դիրքորոշումը միջազգային հարթակներում առավել ընկալելի ներկայացնելու տեսանկյունից:

Ստորև անդրադառնանք բարձրաձայնված հիմնական կարևոր թեզերին:

Հայկական զինված ուժերը հանդիսանում են մեր անվտանգության հիմնական երաշխավորները: Հայկական կողմերի համար այլևս ընդունելի չի լինելու Ադրբեջանի՝ պատերազմ չսկսելը որպես զիջում ներկայացնելու փորձերը և անհրաժեշտության դեպքում հանդես են գալու խաղաղություն պարտադրողի դիրքերից: Այս համատեքստում կարևոր էին շեշտադրումները՝ վերաբերող  տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանմանը, որը երաշխավորելու է ոչ միայն հայկական երկու հանրապետությունների, այլև տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը:

Կարևոր էին նաև Ղարաբաղյան հակամարտության բնույթի վերաբերյալ միջազգային հանրության մոտ առկա թյուրընբռնման վերաբերյալ շեշտադրումները: Անհրաժեշտ է, որ ՀՀ դիվանագետներն ամբողջ աշխարհում այս ուղղությամբ իրականացնեն հետևողական աշխատանք, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունն այլևս չհամարթեցվի այլ հակամարտությունների հետ և այն դիտարկվի առաջին հերթին  Արցախի բնակչության իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, ինչն ընկած է հակամարտության ծագման հիմքում:

Եվս մեկ անգամ հստակ մատնանշվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հայկական կողմերի համար առկա կարմիր գծերը, որոնք վերաբերում են Արցախի կարգավիճակին և բնակչության անվտանգությանը: Հստակ ամրագրվեց, որ Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը:

Հետաքրքրական էր նաև ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հնչած մեկնաբանոությունն առ այն, որ ազատ կամարտահայտումը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում: Ուստի, հրաժարվելով Արցախի իշխանություների հետ բանակցելուց, Ադրբեջանի իշխանություններն, ըստ էության, մերժում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից մեկը, այսպիսով՝ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաընթացը:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ ՀՀ դիվանագիտական ապարատն այսուհետ պետք է առավել հետևողական լինի վերոնշյալ թեզերն արտաքին աշխարհին հնարավորինս ընկալելի և հստակ ներկայացնելու հարցում: Իսկ սահմանված նպատակները կյանքի կոչելու համար շատ կարևոր են այդ թվում նաև ՀՀ ԱԳ նախարարի կողմից մատնանշված արտաքին քաղաքականության երեք հիմնական սկզբունքների՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցությունը, լիարժեք կյանքի կոչումը և դրանց ուղղությամբ հստակ գործողությունների իրականացումը:

Լիանա Հովհաննիսյան

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ