Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հավակնոտ, բայց և իրատեսական արտաքին քաղաքականություն

Հավակնոտ, բայց և իրատեսական արտաքին քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը ներկայացրին 2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքականության իրենց տեսլականը, հայկական դիվանագիտության առաջնահերթություններն ու դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները: Ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության վրա խարսխված այդ տեսլականը թեև առաջին հայացքից հավակնոտ է թվում, բայց և խիստ իրատեսական է:

Գլոբալ անորոշության պայմաններում առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները մեզնից պահանջում են նախևառաջ Հայաստանակենտրոն լինել՝ առաջին հերթին կարևորելով Հայաստանի պետական շահերը: Հենց այս նպատակով խնդիր է դրվում հայկական դիվանագիտության առջև Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը դիտարկել որպես մեկ միասնական միավոր և միասնական ազգային օրակարգ մշակել: Հենց այս առաջնահերթություններից ելնելով՝ հստակ ամրագրվում է, որ Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ  գործակցության ցանկացած պետության հետ:

Ընդ որում, շեշտադրվում է նաև, որ մի կողմից, Հայաստանի անվտանգության և զարգացման օրակարգը սահմանում է մեր արտաքին քաղաքական գերակայությունները, իսկ մյուս կողմից, ամրագրվում է, որ արտաքին քաղաքականության մեջ պետք է ակտիվացվի տնտեսական կոմպոնենտը՝ հասնելով նրան, որ դիվանագիտությունը ծանրակշիռ ներդրում ունենա կառավարության զարգացման ծրագրերն առաջ մղելու հարցում: 

Ըստ այդմ, Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը շարունակվելու է հետևողականորեն կյանքի կոչվել՝ ընդգրկելով նոր և փոխշահավետ ուղղություններ: Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության խորացումը, Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ համագործակցության ամրապնդումը, ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության ակտիվացումը բխում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից: Տարածաշրջանային անվտանգության և տնտեսական զարգացման համատեքստում առաջնային են դիտարկվում մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները:

Ի հավելումն արտաքին քաղաքական ավանդական ուղղություններին՝ նախատեսվում է նոր թափ հաղորդել Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ընթացիկ համաշխարհային փոփոխությունները: Նույն տրամաբանությամբ Մերձավոր Արևելքում ավանդական գործընկերներից (Եգիպտոս, Լիբանան, Սիրիա, Իրաք) բացի՝ ընդլայնվելու է նաև Հայաստանի ներգրավվածությունը Ծոցի երկրներում։

Հայաստանի արտաքին քաղաքականության համար նոր ուղղություն է համարվում Աֆրիկյան մայրցամաքը, որն աշխարհում ամենահեռանկարային ուղղություններից է: Եվ այս ուղղությամբ առաջին քայլերը Հայաստանն անում է Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով՝ նպատակ ունենալով նրա միջոցով փոխգործակցություն հաստատել նաև Աֆրիկյան Միության հետ:

Միևնույն ժամանակ, Հայաստանը պատրաստակամ է շարունակել և խորացնել իր կարևոր ներդրումը միջազգային անվտանգության և համագործակցության օրակարգում՝ խաղաղապահ առաքելություններում իր ներգրավվածությունից մինչև ահաբեկչության դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն:

Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է արձանագրել, որ ՀՀ դիվանագիտության առջև խնդիր է դրված նոր կշիռ հաղորդել Հայաստանին միջազգային հարաբերություններում և հետևողականորեն պաշտպանել ազգային շահերը՝ հենվելով Հայաստանում ժողովրդավարության բարձր մակարդակի և Հայաստանի, Սփյուռքի և Արցախի միասնականության վրա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]