1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» առաջատարն է. փաստավավերագրական,հուլիս, 19

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» առաջատարն է. 
փաստավավերագրական,հուլիս, 19

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ հուլիսի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևացնել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով, երբեմն՝ անպատշաճ հումորով։

Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից: 

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» երրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Չորրորդ տեղում Մարիամ Մարգարյանի «Քաղաքական արդիականացման հրամայականները ՀՀ-ում» գիրքն է:  Հեղինակը համակողմանի ուսումնասիրել է քաղաքական արդիականացման քաղաքակրթական չափումը՝ որպես ռազմավարական կառավարման ապահովման հիմք:

Հիմնավորված է այն մոտեցումը, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ՀՀ քաղաքական համակարգի բնականոն արդիականացման գործընթացի իմաստավորումը պահանջում է իրականացնել գիտավերլուծական կառավարում՝ հենվելով համախմբագիտության սկզբունքների վրա: Այս դիտանկյունից կարևորված է բնաշխարհիկացված էլիտաների` որպես ՀՀ–ում քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման, քաղաքակրթական ինքնորոշման, հասարակության երջանիկ ապագայի ռազմավարական կառավարման և անվտանգության ապահովման պատասխանատուների կայացման հրամայականը:

Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

Վեցերորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջնակարգ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը, վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Յոթերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարար, մասնագետ, ուսանող... Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Ութերորդ հորիզոնականում է Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը: Այս զարմանալիորեն բարի գրքի հեղինակը կարծում է, որ փոքրիկ երեխաներն ամեն ինչ սովորելու ունակություն ունեն: Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ ավագները յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի: Եվ այս գործընթացում գլխավորը նոր փորձը ճիշտ ժամանակին կիրառելն է: Բայց այդ «ճիշտ ժամանակը» կարող է հասկանալ միայն նա, ով մշտապես երեխայի հետ է:

Իններորդ հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:  

Տասներորդ տեղում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» գիրքն է: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 208
2 0

Ռոբերտ Քոչարյան

«Կյանքը և ազատությունը»

հեղ.հրատ 91
3 0

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 75
4 նոր

Մարիամ Մարգարյան

«Քաղաքական արդիականացման հրամայականները ՀՀ-ում»

Տիգրան Մեծ 53
5 +1

Սամվել Աղաջանյան

«Կհանդիպենք բարձունքում»

հեղ.հրատ 39
6 *

Ուիլյամ Չ. Ռեմփել

«Խաղացողը»

Էդիթ Պրինտ 38
7 0

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 31
8 +2

Մասարու Իբուկա

«Երեքից հետո արդեն ուշ է»

Էդիթ Պրինտ 30
9 *

Դանիել Սմիթ

«Մտածել ինչպես Շեռլոկը»

Զանգակ 29
10 -1

Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները»

Էդիթ Պրինտ 28

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]