Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Բելառուսական ավանդույթները լուսանկարների միջոցով ներկայացվել են մետրոպոլիտենի այցելուներին

Բելառուսական ավանդույթները լուսանկարների միջոցով ներկայացվել են 
մետրոպոլիտենի այցելուներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի այցելուները հնարավորություն ունեն լուսանկարների միջոցով ծանոթանալ բելառուսական ավանդույթներին ու մշակույթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակներում կայարանում ցուցադրված են Բելառուսի «Բելտա» պետական լրատվական գործակալության լուսանկարիչների ստեղծագործությունները:

Գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի խոսքով` ցուցադրության շնորհիվ կարելի է Բելառուսը տեսնել այնպիսին, ինչպիսին իրենց երկիրը շատերը, հավանաբար, չգիտեն:

«Բելառուսցիների համար խորհրդանշական է, որ մենք գտնվում ենք Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանում, որովհետև Բելառուսում այդ անունը գիտեն: Նա մարդ է, ով շատ բան է արել մեր երկրի ազատագրման համար: Մենք հանդիսանում ենք միջազգային լուսանկարչական ցուցահանդեսի մի մասը, որի հիմնական գաղափարը յուրահատուկ լինելն է: Լուսանկարների միջոցով ցանկացել ենք ցույց տալ այն, որ բելառուսցիները կարողանում են պահել իրենց յուրահատուկ ավանդույթներն ու ծիսակարգերը»,- ասաց Ակուլովիչը:

Ցուցադրված 20 լուսանկարների մի մասը «Բելտա»-ի ֆոտո-թղթակից Օքսանա Մանչուկի աշխատանքներն են: Օքսանան դժվարացավ նշել, թե որն է իր ամենասիրելի լուսանկարը, հավելելով, որ յուրաքանչյուրն էլ իր կարևորությունն ունի: Երևանում անցկացվող լուսանկարչական ցուցահանդեսը նրա համար միջազգայինների շարքում առաջինն է:

«Սա միջազգային առաջին ցուցահանդեսն է, որտեղ առկա են իմ լուսանկարները: Ինձ համար շատ հաճելի է, որ այն անցկացվում է Երևանում, որովհետև մեր գործակալությունն ու Հայաստանի «Արմենպրես» լրատվական գործակալությունը սերտ կապեր ունեն: Հաճելի է նաև, որ լուսանկարները ցուցադրված են մետրոյի կայարանում, որովհետև դրանք հասանելի են դառնում ավելի լայն զանգվածների: Մարդիկ 5 րոպե իրենց գնացքին սպասելիս կարող են դիտել լուսանկարներն ու ծանոթանալ մեր երկրի մշակույթին»,- նշեց Օքսանա Մանչուկը:

Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը կարևոր է համարում նման տեսակի միջոցառումների անցկացումը:

«Մշակութային այսպիսի միջոցառումների անցկացումն ուղղված է նրան, որպեսզի ընդգծվի պատմական կապը այն ավանդույթներին, էթնիկ-մշակութային հիմքերին, որոնք բնորոշ են յուրաքանչյուր ժողովրդի: Այս դեպքում բելառուսական լուսանկարների ցուցադրությունը Հայաստանում, հնարավորություն է տալիս ցուցահանդեսի այցելուներին և մարդկանց, ովքեր առաջին անգամ են ծանոթանում Բելառուսի հետ, զգալ, թե որքան բազմակողմանի է բելառուսական մշակույթը, և որքան շատ նմանություններ կան մեր երկու ժողովուրդների պատմության և մշակույթի ասպարեզներում»,- նշեց դեսպանը:

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն էլ ցուցահանդեսի կարևորությունը տեսնում է նրանում, որ իրենք հնարավորություն ունեն ներկայացնել բելառուսական մշակույթի և ազգային ավանդույթների առանձնահատկությունները:

«Այս ցուցահանդեսը կարևոր է նաև նրանով, որ անցկացվում է Մեծ հայրենական պատերազմի հայտնի մարշալ Բաղրամյանի անունը կրող կայարանում, ով մեծ ավանդ է ունեցել մեր երկրի ազատագրման գործում: Սա մեր երկու երկրների միջև միակ մշակութային նախագիծը չէ, դրանք պարբերաբար տեղի են ունենում և շարունակական են»,- նշեց Իգոր Նազարուկը:

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ցուցահանդեսը, որպես միջազգային լուսանկարչական ցուցահանդես, առաջինն է, որ կազմակերպվում է Մետրոպոլիտենում:

«Մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ խրախուսում է նման ցուցահանդեսների կազմակերպումը Մետրոպոլիտենում, քանի որ, երբ մարդիկ գտնվում են 70-80 մ խորության վրա, ամեն ինչ արվում է, որպեսզի իրենք իրենց երեկոյան 10-15 րոպե ժամանակահատվածն ի օգուտ իրենց օգտագործեն: Մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ խրախուսում է նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք մեզ նույնպես հաճելի են»,- ասաց Խաչատրյանը:

Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ ուրախ է որպես լրատվական գործընկեր աջակցել փառատոնի կայացմանը:

«Հայկական առաջին միջազգային լուսանկարչական ցուցահանդեսի շրջանակներում հանդես կգա նաև «Արմենպրես»-ը` Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված առանձին հետահայաց ցուցադրություններով, որոնք բացառիկ հնարավորություն են ներկայացնելու «Արմենպրես»-ի հարուստ ֆոտոարխիվի յուրահատուկ նմուշները: Մենք ուրախ ենք, որ որոշակի ներդրում ենք բերել ֆոտոցուցահանդեսին, հանդես գալով, որպես լրատվական աջակիցներից մեկը, ուրախ ենք նաև, որ Բելառուսի պետական լրատվական գործակալությունը շատ յուրահատուկ և հետաքրքրական ցուցահանդեսով է ներկայանում է Երևանում»,- ասաց Անանյանը, հիշեցնելով, որ մեկ ամիս առաջ Մինսկում բացվել էր «Արմենպրես»-ի լուսանկարների ցուցահանդեսը:

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն: Լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում: Լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Նախագահի նստավայր, դրանք փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում:

«Արմենպրես»-ը հանդես կգա մի քանի ցուցադրությամբ, որոնցից առաջինը գործընկերներ «Կոնվերս» բանկի ու Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ իրականացվելիք «Հովհաննես Թումանյան. հետահայացը», որը նվիրված կլինի բանաստեղծի 150-ամյակին:

Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]