1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քանի շնչում եմ, պետք է զբաղվեմ ժուռնալիստիկայով. լրացավ լրագրող Լևոն Ազրոյանի ծննդյան 82-ամյակը

Քանի շնչում եմ, պետք է զբաղվեմ ժուռնալիստիկայով. լրացավ լրագրող Լևոն Ազրոյանի 
ծննդյան 82-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծննդյան 82-րդ տարեդարձը նշող «Արմենպրես» լրատվական գործակալության երկարամյա թղթակից Լևոն Ազրոյանը երբեք չի զղջացել, որ ընտրել է ժուռնալիստիկայի ոլորտը, թեև մասնագիտական այլ երազանքներ է ունեցել:  «Արմենպրես»-ը Լևոն Ազրոյանի հետ զրուցել է նրա լրագրողական գործունեության, ունեցած հաջողությունների և հետաքրքիր հիշողությունների մասին:

«Ես դատապարտված եմ եղել լրագրող դառնալ, թեև, դպրոցական տարիներին երազել եմ դառնալ զինվորական բժիշկ:  Նույնիսկ ցանկանում էի ընդունվել Լենինգրադի ռազմական բժշկության ակադեմիա: Քննության նախօրեին թունավորվել էի և ակադեմիա չգնացի: Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ ժուռնալիստիկայի ոլորտը, որովհետև դա ինձ հնարավորություն է տվել հաճախակի ճամփորդելու: Եղել եմ շատ երկրներում . «Արմենպրես»-ում ինձ բախտ է վիճակվել մոտ 20 տարի լինելու գրեթե բոլոր խոշոր միջոցառումները լուսաբանող թղթակիցը: Դա ինձ հնարավորություն է տվել տեսնելու Խորհրդային Միությունից առ այսօր  գրեթե բոլոր ղեկավարներին: Քանի շնչում եմ, պետք է զբաղվեմ ժուռնալիստիկայով»,- ասաց Ազրոյանը:

Լրագրության ոլորտում 55 տարի գործունեություն ծավալող Լևոն Ազրոյանը իր առաջին փորձը ձեռք է բերել Թբիլիսիում լույս տեսնող «Սովետական Վրաստան» թերթում:

«Այսօրվա պես հիշում եմ այդ օրը։ Հորս հետ էի գնացել խմբագրություն։ Բնական է, որ հենց նա էլ առաջինը շնորհավորեց ինձ, շեշտեց, որ ես մուտք եմ գործում մի բնագավառ, որտեղ պետք է աշխատեմ անմնացորդ նվիրումով, լինեմ ազնիվ և անաչառ։ Բավականին պարտավորեցնող խոսքեր»,- պատմեց Ազրոյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը երբևէ չի խզել իր կապերը Վրաստանի հետ. այնտեղ ծնվել և մեծացել է,  կրթություն է ստացել,  այնտեղ  հանգչում են իր ծնողները,  ունի բազմաթիվ ընկերներ:

«Հպարտությամբ եմ ասում, որ չորս-հինգ տարի եղել եմ «Վրացինֆորմ»-ի սեփական թղթակիցը Հայաստանում։ Երևանում ապրելու տարիներիս միշտ ստացել եմ «Սովետական Վրաստան», «Մոլոդյոժ  Գրուզիի» և մարզական «Լելո» թերթերը։ Բաժանորդագրվում էի հայերեն, ռուսերեն և վրացերեն թերթերի։ Այդ պարբերականների միջոցով ես քաջատեղյակ էի իմ ծննդավայրում տեղի ունեցող բազմազան և բազմաբնույթ իրադարձություններին, այդ թվում նաև՝ մարզական»,- ընդգծեց նա:

2019 թվականին լույս տեսավ Ազրոյանի հերթական գիրքը`  «Դարձ ի շրջանս յուր»-ը, որտեղ ամփոփված են լրագրողի՝ «Արմենպրես» վերադառնալուց հետո  գրված 78 ակնարկները` նվիրված հայ ազգին և ոչ միայն, ճանաչված գրողներին, արվեստի և քաղաքական գործիչներին, զինվորներին և այլն: 

«Ես  շատ եմ սիրում «Արմենպրես»-ը և ինձ համարում եմ արմենպրեսական մինչև ուղն ու ծուծը: Շատ ուրախ եմ, որ իմ ժուռնալիստական գործունեությունը տեղի է ունեցել «Արմենպրես»-ում, որը իր մնայուն հետքն է թողել հայ ժուռնալիստիկայի պատմության մեջ: Ես շատ լավ հիշում եմ այն օրերը, երբ «Արմենպրես»-ը  յուրահատուկ բրենդ էր` թերթի ծավալի 70-80 տոկոսը ապահովում էր մեր գործակալությունը»,- եզրափակեց Ազրոյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]