Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ucom-ը «Վարդանանց» կենտրոնի հետ հանդես է եկել  uDoctor առցանց բժշկական խորհրդատվության լուծումով

Ucom-ը «Վարդանանց» կենտրոնի հետ հանդես է եկել  uDoctor առցանց բժշկական 
խորհրդատվության լուծումով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը թողարկել է իր հերթական բջջային uDoctor հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին առցանց բժշկական խորհրդատվական կարծիք ստանալ ցանկացած ժամին և ցանկացած վայրում գտնվելիս։ Խորհրդատվությունն իրականացվում է  «Վարդանանց»  նորարարական բժշկության կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  ներբեռնելով uDoctor հավելվածը Google Play-ից կամ App Store-ից՝ օգտատերերը կարող են շտապ բժշկական խորհրդատվություն ստանալ առանց հերթերի և ցանկացած վայրում գտնվելիս:

«Մենք ունենք լավ ցանց, հետաքրքիր կոմունիկացիա, բայց այն ծառայությունների շարքը, որը  հնարավոր է այդ ցանցի միջոցով իրականացնել, ոչ ամբողջությամբ է հասանելի ազգաբնակչությանը: Շատ վաղուց ամբողջ աշխարհում բավականին բուռն կերպով զարգանում է հեռաբժշկության ներգրավումը, և ազգաբնակչությունը դրանից օգտվում է»,- նշեց Եսայանը:

 Ըստ Ucom ընկերության գլխավոր տնօրենի՝ վիճակագրության համաձայն՝  հետխորհրդային երկրներում ազգաբնակչության 60 տոկոսը զբաղվում է ինքնաբուժմամբ, և այս կարծրատիպը պետք է կարողանալ փոխել:

«Դա գալիս է մի շարք խնդիրներից, քանի որ հիվանդանոց այցելելը ժամանակատար է, սակայն հեռաբժշկության միջոցով, կարծում եմ, այդ խնդիրը մենք կլուծենք»,- հավելեց Եսայանը:

«Վարդանանց» նորարարական բժշկության  կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի խոսքով՝ առաջին կասկածը, որ առաջանում է՝ արդյոք հեռաբժշկությունը կարո՞ղ է փոխարինել լիարժեք կերպով անմիջապես բժշկին տեսնելը: Պատասխանը՝ միանշանակ այո, որովհետև ապացուցված է, որ բժշկության մեջ ճիշտ ախտորոշումը 90 տոկոսով և ավելի բժիշկները ստանում են մարդու պատմածից, այլ ոչ թե իրեն լսելուց, շոշափելուց և միայն 5-6 տոկոսն է, որ ստանում է անմիջական շփման ժամանակ և գործիքային հետազոտություններով: Սա համար, միգուցե, տարօրինակ լինի, որովհետև մենք սիրում ենք հիմնականում գործիքային հետազոտություններ անցնել, բայց փաստը մնում է փաստ: Այսինքն՝ սա է այն հիմքը, որ հեռաբժշկությունը աշխատում է աշխարհով մեկ»,- ասաց Մանգոյանը:   

Հեռաբժշկությունն աշխարհում արագ զարգացող ուղղություններից է, իսկ որոշ երկրներում (ԱՄՆ, Միացյալ  Թագավորություն) այն ապահովագրական փաթեթների կարևորագույն բաղադրիչն է և առողջապահական համակարգի անքակտելի մաս: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել  է, որ հեռաբժշկությունը թույլ է տալիս առավել  արդյունավետ կազմակերպել բժիշկների աշխատանքը և բազմաթիվ խնդիրներ լուծել առաջին իսկ առցանց խորհրդատվության ժամանակ:

Որպես թվային ընկերություն՝ Ucom-ը մեծագույն պատասխանատվությամբ է ներկայացնում uDoctor նորարարական լուծումը, որն ստեղծվել է առաջատար գործընկեր, հեռաբժշկության ոլորտի և առցանց խորհրդատվության նախագծող, ռուսաստանյան « Mobile Medical Technologies» ՍՊ ընկերության հետ գործակցությամբ և համապատասխանեցվել  է տեղական շուկայի պահանջներին: Այսպիսով, Ucom-ն իր գործընկերների հետ Հայաստանում առաջին քայլն է անում հեռաբժշկության զարգացման ուղղությամբ:  

«MMT» ՍՊԸ-ի տեխնոլոգիական լուծումը հաջողությամբ կիրառվել է ԱՊՀ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանն ու Տաջիկստանը:

Նորարարական այս լուծումը հնարավորություն է ընձեռում բժիշկների մասին մասնագիտական տեղեկատվություն, այլ օգտատերերի գնահատականներ և կարծիքներ ստանալ:  uDoctor-ի միջոցով խորհրդատվություն ստանալը մատչելի է, այն ապահովում են տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկներ, իսկ հերթապահ բժիշկները կապի մեջ են 24/7 ռեժիմով:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել  uDoctor հավելվածը կամ մուտք գործել  udoctor.am կայքը, գրանցվել, կցել  բանկային քարտը և ընտրել  բժշկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]