Գյումրիի ու Նովոչերկասկի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանում օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության Գյումրի և Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքների միջև կնքվեց քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը վավերացրին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինը: Համաձայնագիրը նախատեսում է հնարավոր համագործակցություն առևտրաարդյունաբերական, կրթական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում: «Սա սկիզբն է համագործակցության, կարծում եմ մեր մոտ ամեն ինչ կստացվի»,-նշեց Սամվել Բալասանյանը: Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինը ևս կարևորեց այս համաձայնագրի կնքումը՝ հույս հայտնելով, որ արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն: «Հուսամ, շատ կոնստրուկտիվ ու գործարար համագործակցություն ենք իրականացնելու: Մենք՝ քաղաքապետերով, վստահ ենք՝ բավական արդյունավետ համագործակցություն կունենանք»,- ասաց նա:
Իգոր Զյուզինը շնորհավորեց գյումրեցիներին օգոստոսի 25-ին նշվող «Գյումրու օր» տոնակատարության համար: «Մենք շատ լավ հայ համայնք ունենք: Հայերի հետ մենք կողք կողքի ապրում ու աշխատում ենք: Մեծ է հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում: Գյումրին որպես քաղաք Նովոչերկասկից երիտասարդ է, բայց որպես բնակավայր բավական հին և մեծ ուշադրության կարիք ունի: Գիտեմ, որ վաղը շատ կարևոր օր է Գյումրիի համար: Քաղաքին իմ ու մեր աշխատակազմի անունից բարգավաճում, միայն երջանիկ օրեր ու նորանոր հաջողություններ եմ մաղթում»,-նշեց Իգոր Զյուզինը:
Վերջում քաղաքապետերը փոխանակվեցին հուշանվերներով:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում