1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը. իրողություններ, զարգացման ուղիներ

Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը. իրողություններ, 
զարգացման ուղիներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակում է ուսումնասիրել Հայաստանի սոցիալ-քաղաքական և տնտեսական իրավիճակի արդիական հարցերը: Ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը հետազոտություն է կատարել «Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը» թեմայով: Ստորև ներկայացնում ենք այդ հետազոտության հիմնական տվյալներն ու արդյունքները մեր քաղաքագիտական մեկնաբանություններով, կանխատեսումներով և եզրակացություններով:

Քաղաքականությունը տնտեսական իրողությունների կենտրոնում

Հայաստանի ՀՆԱ-ում վերջին տարիներին արդյունաբերական ոլորտի բաժինը կազմում է մոտ 16-17,9%: Ոլորտն ապահովում է մոտ 82000 աշխատատեղ: Հայաստանի վիճակագրական վարչությունն այս ոլորտը բաժանում է չորս հիմնական ճյուղի՝ լեռնահանքային արդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, ջրամատակարարում, թափոնների մաքրում և մշակում:

2018թ. տվյալներով արդյունաբերական ոլորտի կառուցվածքը հետևյալն էր. լեռնահանքային արդյունաբերություն՝ 17,3%, վերամշակող արդյունաբերություն՝ 66,3%, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում՝ 14,9%, ջրամատակարարում և մաքրում՝ 1,5%: 2018թ. լեռնահանքային հատվածի արտադրությունը նվազել է 14,0%-ով 2017թ համեմատությամբ: Աճել է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 5,7%-ով: Վերամշակող արդյունաբերության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է 3,7%: Աճել են նաև այս ոլորտի արտադրության ծավալները մոտ 10%: Այդ թիվն իր մեջ ներառնում է մի շարք ճյուղեր: Դրանցից խոշորագույնը սննդամթերքի արտադրությունն է (ընդհանուր ծավալի 28,3%-ը), խմիչքների արտադրությունը (13,2%), ծխախոտի արտադրությունը (15,5%) և հիմնական մետաղների արտադրությունը (15,1%): Պաշտոնական տվյալներով արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018թ. մեծացել է 4,3%:

Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 6,9%: Անցած տարին բնորոշվել է այն հանգամանքով, որ արդյունաբերության մեջ արմատական փոփոխություններ չեն արձանագրվել և այն զարգացել է ավելի վաղ ձևավորված թրենդների իներցիայով (չհաշված Ալավերդու պղնձաձուլական գործարանի կանգառը 2018թ. նոյեմբերին): Սակայն երկրի կառավարությունն այս հարցում ունի իր տեսակետը՝ մոտակա ժամանակներս անհրաժեշտ է կենտրոնանալ հանրապետությունում գոյություն ունեցող արդյունաբերության բոլոր ճյուղերի զարգացման վրա: Ընդ որում, բարձր տեխնոլոգիաների ճյուղը պետք է դիտարկվի իբրև տնտեսության առաջատար ոլորտ:

Կարևոր է նաև ռազմաարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը: Լուրջ հիմնախնդիրներ կան, որոնք կապված են տնտեսական աճի որակի հետ: Այդ հիմնախնդիրները չեն լուծվի, եթե չկատարվեն վճռական քայլեր, այդ թվում պետական և տեղական կառավարման մակարդակներում:

Վերջին շրջանում Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, օրենսդրական ամրագրումները հաստատել են այդ մտադրությունները: Ստեղծվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղ արդեն ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների: Շարունակվում է հարկային արտոնությունների տրամադրման գործընթացը նոր ստեղծվող ընկերություններին (սթարտափերին), որոնք գործում են տեխնոլոգիական ոլորտում: Նախարարությանն արդեն դիմել է մոտ 130 ընկերություն, նրանցից 89-ին տրամադրված են հարկային արտոնություններ: Սպասվում է, որ մինչև 2022թ. այս ընկերությունները նոր մոտ 800 աշխատատեղ կստեղծեն: Պետական աջակցությանը ենթակա գործունեության շրջանակը բավականին մեծ է: Նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% դրույքով և եկամտահարկի 10%-ով: Դա նպաստում է նոր ընկերությունների, նոր արդյունքի և ինովացիոն գաղափարների ստեղծմանը: Որոշ կանխատեսումներով սթարտափների ավելի քան 50% կկարողանա դուրս գալ մեծ շուկա: Ընդ որում, Հայաստանում գործել սկսելու համար հարկային արտոնություններ ստանալ ցանկացող ընկերությունների աշխարհագրությունը բավական տպավորիչ է՝ ԱՄՆ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Վրաստան, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա: Որպես շարունակություն տվյալ նախաձեռնության, նախարարությունը անցկացրեց «Հայաստան՝ ճարտարագիտական շաբաթ» վերտառությամբ միջոցառում, որտեղ հնչեց այն գաղափարը, որ «ինովացիան ամենաթանկ բանն է ժամանակակից աշխարհում: Եվ երկրները, որոնք կկարողանան ստեղծել արդյունավետ էկոհամակարգ ինովացիաների խթանման, ինովացիոն և ինժինիրինգային ընկերությունների առաջացման ու գոյացման խթանման համար, կկարողանան ճիշտ դիրքավորվել ժամանակակից զարգացող աշխարհում: Հայաստանը պետք է գործի իբրև տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»:

Քաջ հայտնի է, որ հայկական սթարտափները լայնորեն ներկայացված են տարբեր երկրներում, այդ թվում Սիլիկոնային հովտում: Նրանք ցույց են տվել իրենց կարողությունը հեշտորեն և արագ կապեր հաստատելու և շուկա մտնելու գործում, ստանալով հայկական սփյուռքի աջակցությունը: Նախարարությունը մտադիր է մշակել ծրագրեր, որոնք կներառեն ինստիտուցիոնալ կառուցվածքներ հայկական սփյուռքի հետ կապերում, որոնք կօգնեն հայկական և այլ ընկերություններին ցանկության դեպքում աշխատելու Հայաստանում:

Աշոտ Թևիկյանի կարծիքով, այս խնդիրների լուծման ռազմավարական տեսլականը հանգում է երկրի նոր ինդուստրիալիզացիայում Արտահանող արդյունաբերական ճյուղերի պետական աջակցությանը, հայրենական արտադրությանը համակողմանի գործնական աջակցությանը: Սակայն դրա համար հարկավոր է, որպեսզի մենք հստակ կողմնորոշվենք, թե որ տեխնոլոգիական էկոհամակարգում ենք (Արևմուտքի, թե Եվրասիայի) զարգանալու: Սա դատարկ խոսք չէ: Եթե մենք նույնիսկ դուրս լինենք աշխարհաքաղաքական առճակատումներից, չթաթախվենք Արևմուտքի աշխարհաքաղաքական ճարտարագիտական խաղերում, միևնույն է, քաղաքականությունը թակելու է մեր դուռը և, առաջին հերթին, առաջադրվելու են հարցեր խոշոր գիտատեխնոլոգիական և ինդուստրիալ նախագծերի կենսագործման ուղղությամբ: Ժամանակակից աշխարհում քաղաքականությունը գտնվում է տնտեսության կենտրոնում, հատկապես գիտատեխնոլոգիական փոփոխությունների ոլորտում և այդ թվում, արդյունաբերական քաղաքականության:

Ռազմաարդյունաբերական և գիտատեխնոլոգիական ոլորտներն իբրև տնտեսական հենք

Հայաստանը ինքնիշխան պետություն է: Այս իրողության գիտակցումը թելադրում է կոնկրետ հասունացած գործողություններ: Աշոտ Թևիկյանը կարծում է, որ ժամանակն է գործել, չհենվելով բացարձակապես արևմտամետ լուսանցքային սխեմաների հիման վրա: Պետությունը պետք է զբաղեցնի հստակ գաղափարախոսական դիրք, ձեռք բերի ներքին կենսունակություն: Դժվար է աշխատել այնպիսի կառույցների հետ, որոնք իրականում սևեռված են ատոմային էլեկտրակայանի փակման և այլ նորագույն շատ վիճելի լիբերտարիան գաղափարների կենսագործման վրա: Մենք պետք է կոնկրետացնենք (խորացնենք և զարգացնենք) մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը հատուկ այժմեականություն է ձեռք բերում: Սա ոչ թե հիպոթետիկ, այլ պոտենցիալ հնարավորություն է վերականգնել ռազմաարդյունաբերական և գիտատեխնոլոգիական ոլորտի կառուցվածքն իբրև տնտեսական հիմք: Եվրասիական վեկտորի հարցը, որտեղ ձևականորեն և իրականում հավասարազոր են մի կողմից մեր դաշնակիցները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, իսկ մյուս կողմից՝ Չինաստանը, Վիետնամը, Սինգապուրը, Հարավային Կորեան և այլն: Մեր բազմակի սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ հայ հասարակությունը եթե գիտության զարգացման հարցում կողմնորոշված է դեպի Արևմուտք, ապա ժամանակակից արդյունաբերության զարգացման հարցում՝ գլխավորապես դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ:

Կարելի է միանշանակ պնդել, որ Հայաստանի ինտեգրացիոն միտումները ԵԱՏՄ շրջանակներում ամրապնդվել են: 2018թ. մեր երկիրը դարձել է ԵԱՏՄ երկրներ արտադրանքի արտահանման աճի տեմպերով առաջատար: ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանումը 2018թ. կազմել է $689 մլն., այդ թվում դեպի Ռուսաստան՝ $666,7 մլն., իսկ դեպի Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան՝ $11,7 մլն., $9,8 մլն. և $1,0 մլն. համապատասխանաբար: Չնայած Բելառուսի և Ղազախստանի ոչ մեծ ցուցանիշներին, Հայաստանի արտահանման մեջ այդ երկրներ արտահանման դինամիկան եղել է ավելի բարձր, քան դեպի Ռուսաստան: Ամբողջությամբ վերցրած 2018թ. ընթացքում ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձրն է եղել: Այս ցուցանիշն աճել է 24,1% 2017թ. համեմատությամբ:

ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման առաջանցիկ տեմպերը պայմանավորված են գլխավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կորպորատիվ փոխգործակցությամբ, ինչը թույլ է տալիս ընդլայնել եվրասիական շուկաներ ելքը հայաստանցի արտահանողների համար: Փոխադարձ առևտրում հայկական ընկերությունների շրջանառության մեջ ավելացել է ազգային արժույթի օգտագործումը: Մեր երկրում ամրապնդվել են ինտեգրման ֆինանսական խողովակները: ԵԱՏՄ երկրների կողմից ֆինանսական աջակցությունը արտաքին փոխառությունների տեսքով նույնպես մեծացել է: Զարգացման Եվրասիական բանկը պատրաստել է «ճանապարհային քարտեզ» Հայաստանում նախագծերի իրականացման համար: Տնտեսական զարգացման ժամանակակից փուլում երկրի մրցունակության ապահովումը կարևորագույն խնդիր է, որը ոչ միայն բնորոշում է իրավիճակը համաշխարհային շուկայում, այլև մեծապես որոշում է նրա ազգային անվտանգությունը: Նման խնդիրների լուծումը հնարավոր է, եթե երկրի հեռանկարային զարգացման առաջնահերթությունների հիմքում գտնվեն արդյունաբերությունը, տեխնոլոգիաները և գիտությունը:

Չէ՞ որ դեռ պահպանված է պատմական հիշողությունը խորհրդային շրջանում Հայաստանի նշանակալից ձեռքբերումների մասին: Իր բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը ծաղկման հասավ տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության ասպարեզներում: Մեր հետազոտության հեղինակների կարծիքով այդ ժամանակաշրջանը մեր երկրի պատմության մեջ կմնա որպես ազգի ոգու բարձրագույն վերածննդի և ընդհանուր առմամբ, հասարակության նվաճումների ժամանակաշրջան:

Գիտատեխնոլոգիական և նրա նվաճումների վրա հիմնված ինովացիոն-արդյունաբերական քաղաքականությունը Հայաստանի նոր տնտեսական կուրսի հիմքն է և այն պետք է դառնա գերակա և համախմբող ազգային գաղափար, որը կլինի հասարակության մտածողության և գիտակցության հիմքում, ապահովելով անկախ պետական քաղաքականություն:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշակել է «Ազգ-Բանակ» կոնցեպտուալ ծրագիր, 2018-2024թթ. բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր (հետագայում՝ ծրագիր կամ Յոթնամյա ծրագիր), որոնք հարմարեցված են նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին: Հեռանկարում ծրագրվում է տնտեսության, կրթության և գիտության ռազմական և քաղաքացիական ոլորտների ներուժի բաղդատում, ինչը հնարավորություն կընձեռի հանրապետությունում մշակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արտադրանքի նախագծման և արտահանման գործը: Յոթնամյա ծրագրով որոշված նպատակները ուղղված են հիմնարար խնդրի լուծմանը՝ կազմակերպել տնտեսության բարձրացում նոր տեխնոլոգիական մակարդակի սեփական ազգային ուժերի հիմքի վրա:

Համաշխարհային բանկի պատվերով և էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ փորձագետների խմբի կողմից մշակվել է «Արտահանմանը կողմնորոշված ինդուստրիալ քաղաքականության ռազմավարությունը», որը հաստատվել էր Հայաստանի կառավարության կողմից 2011թ. դեկտեմբերին: Այն կոչված էր ապահովելու արդյունաբերության զարգացումը 11 արտահանմանը կողմնորոշված ճյուղերում, իսկ առաջին փուլում երեք ուղղությամբ՝ կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ ինժեներիայի: Այդ ընդունված որոշումների իրական կենսագործման անհրաժեշտությունը առայժմ պահպանվում է: Սակայն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հաշվի առնելով, կպահանջվի վերանայել նրա առանձին դրույթներ:

Հայաստանի կառավարությունը 2014թ. մարտի 27-ի որոշմամբ, ուշադրության առնելով նոր իրողություններն ու իրադարձությունները, որոնք առաջացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, հաստատել է ծրագիր «2014-2025թթ. Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ռազմավարական զարգացման պլան» վերտառությամբ: Կառավարության հիմնական կողմնորոշիչներն են ընտրված հետևյալ չորս առաջնահերթությունները՝ զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործում և կառավարության համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում:

Այս և այլ ծրագրեր, հաշվի առնելով տնտեսական ու քաղաքական նոր իրողությունները, պետք է տեղ գտնեն Հայաստանի երկարաժամկետ զարգացման հիմքում, նրա արդիականացման, կայուն և դինամիկ առաջանցիկ զարգացման ռազմավարական պլանի մեջ: Անհրաժեշտ է անցում կատարել դեպի նոր տնտեսական կացութաձև արդյունավետ կառավարչական մեխանիզմների կիրառման միջոցով: Հայաստանի համար ռազմավարական ծրագիր է արդյունաբերական քաղաքականության կտրուկ աշխուժացումը: Սա Հայաստանի մի նոր կոնցեպտ է:

Ժամանակակից ազգային արդյունաբերության զարգացման ուղիների մասին

Բոլոր ծրագրային փաստաթղթերում ընդգծվում է այն միտքը, որ տնտեսական աճի խթանման և զարգացման քաղաքականությունը հանրապետություն պահանջում է իրականացնել (արդյունաբերական քաղաքականության կենսագործման պարագայում) ներդրումային նախագծեր, որոնք ուղղված են 90-ական թթ. ոչնչացված, արտահանմանն ուղղված արդյունաբերական հզորությունների մասնակի վերականգնմանը, գործող հզորությունների աջակցմանը և նորերի ստեղծմանը: Դա պետք է մասամբ վերահսկվի պետության կողմից, այլ ոչ թե թողնվի խոշոր բիզնեսից քաղաքականություն եկած առանձին անհատների հայեցողությանը:

Շատ բան է կախված կենսագործվող տնտեսական քաղաքականությունից, արդյունաբերական քաղաքականության վերածննդի տեսակետից: Այդ հիմքերից մեկը պետք է լինի պետության և մասնավոր ոլորտի իրական գործընկերությունը: Առանց պետության խթանիչ քաղաքականության նման խնդիրների լուծումն ուղղակի անհնար է: Սոցիալ-տնտեսական զարգացման և Հայաստանի ինովացիոն տեխնոլոգիական արդյունաբերության կառուցման նպատակամղման, կանխատեսման, ծրագրավորման և նախագծման գործընթացներում հարկ է կենսագործել ռազմավարական պլանավորման սկզբունքները:

Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետներիս համոզմունքով Հայաստանին իրական աջակցություն իր տնտեսական քաղաքականությունը ձևավորելու ուղղությամբ կարող են դառնալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշումները: 2019թ. օգոստոսի 9-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում ԵԱՏՄ երկրների վարչապետները ստորագրեցին մի քանի կարևոր փաստաթղթեր: Դրանցից են՝

  • վերազգային ընկերությունների ստեղծման փորձի վերաբերյալ համաշխարհային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և «եվրասիական ընկերությունների» ստեղծման հարցում մոտեցումների վերաբերյալ հանձնարարականը;
  • «արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական ցանցի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի» նախագծի անձնագրի մասին որոշումը:

ԵԱՏՄ տնտեսական զարգացման առարկայական կարիքները պահանջում են ինտեգրացիոն միավորման անդամ երկրների տնտեսական համակարգերում արդյունաբերական համալիրների դերի մեծացում: Խնդիր է դրված վերածնել արդյունաբերությունը որպես տնտեսության լոկոմոտիվ: Խոսքը գնում է համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության մասին, որը պետք է հաշվի առնի ոչ միայն ինտեգրացիոն միավորման անդամ երկրների կարիքը որակյալ արդյունաբերական արտադրանքում, այլև երրորդ երկրների, որտեղ արտահանումը նպատակաուղղված է իբրև ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ներուժի մաս:

ԵՏՀ-ն հանդես է գալիս եվրասիական կորպորացիաների ստեղծման օգտին: Գլոբալ արդյունաբերական շուկաներում իրավիճակն այսօր այնպիսին է, որ իրապես մրցակցել այնտեղ կարող են լոկ շատ խոշոր ընկերությունները: Ինտեգրացիայի զարգացման կարևորագույն ուղղություն է Միության երկրների ձեռնարկությունների կոոպերացիան: Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցում գրանցված է մոտ 6000 ձեռնարկություն:  

ԵՏՀ աշխատանքի կարևոր ուղղություն է մնում  միասնական, անպատնեշ տնտեսական տարածքի ձևավորումը:

Տեխնոլոգիական, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական շղթա մուտք գործելը ԵԱՏՄ երկրների գործընկերների հետ, նման համագործակցության հենքի վրա պետություն-մասնավոր հատված գործընկերությունը կնպաստի տեխնոլոգիական կոոպերացիայի ձևավորմանը արտադրության կիրառական գիտության,  ճարտարագիտական մշակումների, սպառազինությունների արտադրության ոլորտներում: Անհրաժեշտ է վերականգնել երկար տեխնոլոգիական շղթաները մշակման և արտադրության փուլերում, որոնք անհրաժեշտ են գիտատար արտադրությանը: Այստեղ առանձին, շատ նեղ ուղղություններում, մեր երկիրը կարող է ունենալ նախապատվություններ: Չպետք է մոռանալ, որ ԵԱՏՄ երկրները ահռելի կարիք ունեն ճարտարագիտական ինովացիոն մշակումների արդյունաբերության տարբեր ուղղություններում, որոնցում այսօր նրանք դեռ զիջում են Արևմուտքի երկրներին:

Եվրասիական տնտեսական միությունում կձևավորվի նոր իրավական տարածք անդրազգային ընկերությունների համար: 2018թ. մարտի 30-ին ԵՏՀ Խորհուրդը հաստատել է Տեխնոլոգիաների տրանֆերի եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության համադրույթը, որն ուղղված է կազմակերպչական աջակցության ապահովմանը ԵԱՏՄ անդամ պետություններում ինովացիոն համագործակցության լավագույն փորձին:

Եվս մեկ ուղղություն է ԵԱՏՄ պետություններում կլաստերների զարգացումը: Շատ երկրներում կլաստերային նախաձեռնությունները դիտարկվում են իբրև ինովացիոն քաղաքականության կարևորագույն բաղադրիչ:

Համատեղ ջանքերի աշխուժացումը ԵԱՏՄ բիզնես հանրության հետ կնպաստի Միության տնտեսության մեջ նոր ինովացիոն հատվածների ստեղծմանը և արդյունաբերական համալիրների բարձրացմանը նոր տեխնոլոգիական կացութաձև: Ապագա բարդ համակարգերը անհնար է նախագծել առանց ռազմավարական մտածողության, առանց զարգացման միտումների համադրույթի, որը կհաշվարկվի մի քանի տասնամյակների հեռանկարով:

Այպիսով, մեր փորձագետների կարծիքով, նոր սերնդի արդյունաբերության զարգացման հեռանկարը կապված է եվրասիական ինտեգրման զարգացման և խորացման հետ: Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս պահպանում է գրավչությունը նոր արտադրական հզորությունների ներդրման և արդյունաբերական ամբողջական նոր ճյուղերի զարգացման համար: Հարգանք տածելով այն քայլերի հանդեպ, որոնք իրականցրել են Հայաստանի մի քանի նախորդ կառավարություններն այս ուղղությամբ, անհրաժեշտ ենք համարում մշակել արդյունաբերության զարգացման նոր ռազմավարություն, որը հենված կլինի մեր հասարակության և մեր ինքնիշխան պետության իրական ժամանակակից կարիքների վրա:    

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական

ակումբի համակարգող


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]