Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մի՞թե քրդերն Էրդողանին նախընտրեցին Ասադից

Մի՞թե քրդերն Էրդողանին նախընտրեցին Ասադից

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտությունը բավական հետաքրքիր զարգացումների փուլ է մտել: Մի կողմից պաշտոնական Դամասկոսը Ռուսաստանի աջակցությամբ նոր թափ է հաղորդել Իդլիբում և մի շարք այլ շրջաններում զինված խմբավորումների դեմ գործողություններին, մյուս կողմից Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների կառավարման օպերատիվ կենտրոն ստեղծելու շուրջ՝ որպես թուրք-սիրիական սահմանին «անվտանգության գոտու» ստեղծման ուղղությամբ առաջին քայլ: Առաջին հայացքից, այս երկու գործընթացների միջև որևէ ակներև կապ չկա, բայց, իրականում, դրանք մեծապես պայմանավորված են մեկը մյուսով:  

Նախ նշենք, որ օգոստոսի սկզբին Անկարայում կայացած թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում, չնայած օպերատիվ կենտրոնի ստեղծմանը, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ երկու ամենակարևոր հարցերի շուրջ՝ որքան տարածք է զբաղեցնելու ենթադրյալ անվտանգության գոտին, և ով կամ ովքեր են ղեկավարելու այդ շրջանում հսկողություն իրականացնող ուժերը: Հենց այս անորոշությունն էլ կողմերին մանևրելու, յուրովի մեկնաբանելու և այն իրենց նպատակներին ծառայեցնելու հնարավորություն է տալիս:

Այսպես, ըստ թուրքական իշխանությունների հայտարարությունների՝ Թուրքիան հույս ունի, որ անվտանգության գոտին առնվազն 30-40կմ տարածք է ընդգրկելու և ղեկավարվելու է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ: Ընդ որում, թուրքական մոտեցման համաձայն, քրդական զինված խմբավորումները պետք է լքեն այս տարածքը և հանձնեն ծանր զինտեխնիկան: Հատկանշական է, որ թուրքական լրատվամիջոցներում առկա հրապարակումներից կարելի է պատկերացում կազմել նաև ամերիկյան ծրագրերի մասին: Ըստ այդ հրապարակումների՝ անվտանգության գոտին առաջին փուլում 5կմ տարածք է զբաղեցնելու և համատեղ ղեկավարվելու է թուրքական և ամերիկյան զինված ուժերի կողմից: Քրդական զինված միավորները դուրս են բերվելու այս շրջանից: Երկրորդ փուլում ևս 9կմ խորությամբ տարածք է միավորվելու այս գոտուն, սակայն քրդական ուժերը դուրս չեն բերվելու, և թուրքական ուժերն այդ տարածք չեն մտնելու: Երրորդ փուլում գոտին ընդլայնվելու է ևս 4կմ-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 18կմ:

Ինչպես և կարելի էր ակնկալել, Սիրիայի իշխանությունները կտրականապես դեմ են հանդես եկել թուրք-ամերիկյան համաձայնությանը՝ որակելով այն որպես ագրեսիա Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ: Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Սիրիայի տարածքների մեկուսացումն անընդունելի է»՝ անկախ նրանից, թե ինչ պատրվակով է դա արվում: Եվ հասկանալի է, որ սիրիական և ռուսական ուժերի ակտիվացած գործողություններն Իդլիբում որոշ առումով պատասխան են նաև թուրք-ամերիկյան վերոնշյալ համաձայնությանը:

Այս ողջ գործընթացում ամենահետաքրքրականը, սակայն, Սիրիայի քրդերի գործոնն է: Դժվար չէ կռահել, որ թուրք-ամերիկյան բանակցություններին թեև ոչ ուղղակի, բայց գործուն մասնակցություն են ունեցել նաև քրդական ուժերը, որոնց շահերն ակտիվորեն ներկայացվել են Վաշինգթոնի կողմից: Այս մասին են վկայում նաև Սիրիայի քրդական ուժերի ղեկավարների կողմից հնչող մեկնաբանությունները, ինչպես նաև պաշտոնական Դամասկոսի արձագանքը, որտեղ մատնանշվում է, որ «քրդերը համաձայնել են դառնալ թուրք-ամերիկյան ագրեսիվ նախագծի գործիք, և պատմական պատասխանատվություն են կրում դրա համար»:

Ի՞նչ նպատակ են հետապնդում քրդերը ստեղծված իրավիճակում:

Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ բանակցելով՝ քրդերը նախևառաջ ձգտում են բացառել իրենց դեմ թուրքական հնարավոր ռազմական գործողությունները: Երկրորդ, ԱՄՆ-ի միջոցով Թուրքիայի հետ համաձայնության գալու պարագայում՝ քրդերն ավելի ամուր կլինեն ինքնավարության հասնելու իրենց նկրտումներում և ստիպված չեն լինի ընդունել պաշտոնական Դամասկոսի պահանջները: Հետևաբար, քրդերի համար իդեալական կլինի, եթե համաձայնություն ձեռքբերվի թուրք-սիրիական ողջ սահմանի երկայնքով թուրք-ամերիկյան հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման շուրջ՝ իհարկե, ոչ ավել, քան 5 կմ խորությամբ:

Հասկանալի է, որ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները դեռևս շատ նախնական փուլում են գտնվում, և հետագա զարգացումները մեծապես կախված են լինելու ինչպես տեղում իրավիճակի զարգացումից, այնպես էլ թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացքից: Բայց ակնհայտ է մի բան. քրդերն այս փուլում ավելի հակված են բանակցել Էրդողանի, և ոչ թե Ասադի հետ, ինչպես կանխատեսվում էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Թրամփի հայտարարությունից հետո:

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]