Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Միակ շահը, որ ունեմ Ամուլսարի հարցում, Հայաստանի հավասարակշռված շահն է. Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի ամենամեծ  խնդիրն այն է, որ  շատ մարդիկ պնդում են՝ եթե նույնիսկ պարզվի, որ հանքի շահագործումն անվտանգ է,  միևնույնն է, այն չպետք է շահագործվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ նման կարծիք հայտնեց Ջերմուկի բնակիչներից մեկի բնակարանում ունեցած հանդիպմանը՝ անդրադառնալով բնակչի դիտարկմանը, թե հանքի շահագործումից 10 տարի հետո բացասական հետևանքները ի հայտ են գալու:

«Ամենամեծ բարդությունը սա է, որ խոսակցությանը խանգարում է, որովհետև, եթե Դուք հիմա ասում եք, որ 10 տարի կամ 5 տարի հետո կլինեն շահագործման հետևանքները՝ անկախ նրանից, թե դա կլինի, թե չի լինի. Ձեր մտքում արդեն դա կա: Այս խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ կան շատ մարդիկ, ովքեր ասում են՝ կապ չունի, եթե նույնիսկ պարզվի անվտանգ է, ես դեմ եմ: Սա հասկանալի տեսակետ է, բայց սա տեսակետ է, որը այլ բարդությունն է ստեղծում: Մենք ունենք իրողություններ, և այդ իրողությունները առկա են: Այդ իրողությունն այն է, որ մենք ունենք Հայաստանի օրենսդրությամբ սկսված պրոցես: Ունենք պրոցես Հայաստանի օրենսդրությամբ և Հայաստանի օրենսդրությամբ ունենք իրողություն, որ Հայաստանի կառավարությունը հրավիրել է կամ արտոնություն է տվել ընկերության, որ գա այստեղ 400, 500 կամ 600 միլիոն փող ծախսի, և 400 միլիոն արդեն ծախսվել է: Եվ հարց: Եթե պարզվի, որ այդ գործունեությունն օրինական է, եթե այդ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, եթե այդ մարդիկ այդ 400 միլիոն դոլարի ներդրումն արել են օրինական ճանապարհով, ինչո՞ւ չենք թողնում, որ աշխատեն: Այս հարցին պետք է պատասխանել»,- ասաց վարչապետը:

Բնակիչը պատասխանեց, որ նախորդ կառավարության ժամանակ այնպիսին էր իրավիճակը, որ ժողովուրդը ձայն չուներ, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային հանրության համար նախկին, ներկա կառավարություն չկա: «Միջազգային հանրության կամ ներդրողի համար կա Հայաստանի Հանրապետություն»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ անցած տարի, երբ Ջերմուկում ելույթ է ունեցել, ասել է, որ այս հարցի շուրջ պետք է կայացնել որոշում՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահը: «Ի՞նչ է նշանակում հավասարակշռված շահ: Կա բնապահպանական շատ, կա տնտեսական շատ, կա անվտանգության շահ, կա քաղաքական  և բարոյական շահ: Մեր որոշումները պետք է լինեն այնպիսին, որ մի շահի սպասարկումը մյուս շահի սպասարկման հաշվին չլինի: Ինձ համար պարզ է՝ եթե պարզվի, որ չկան երաշխիքները, որ Ջերմուկի օդը մաքուր է լինելու նույնքան, որքան առաջ, Ջերմուկի ջուրը  մաքուր է լինելու նույնքան, որքան առաջ, աղմուկի ֆոնը լինելու է այնքան, որքան առաջ, բայց ավելի ճիշտ ձևակերպեմ՝ միջազգայնորեն ընդունված  ստանդարտներին համապատասխան: Եթե այդ ամեն ինչը  միջազգային ստանդարտներին համապատասխան չի, ինձ համար ակնհայտ է, որ դա չի կարող շահագործվել: Հայաստանի օրենսդրությունը ունի մեխանիզմ. կոնկրետ այս դեպքում կա ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամսյա մոնիթորինգ: Այդ մոնիթորինգը տեղի է ունենում ընկերության, կառավարության, քաղաքացիական հասարակության շրջանակներում, գալիս են ստորգետնյա ջրի փորձանմուշ են վերցնում, գնում են դաշտից խոտ, հող են վերցնում, օդն են չափում: Եթե կա շեղում, 90 օր ժամանակ են տալիս շտկելու համար, եթե չի շտկվում, փակվում է»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Բնակչի հարցին, թե մոտեցումն այն է, որ հանքը պե՞տք է շահագործվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ այս հարցի շուրջ ներգրավված բազմաթիվ մարդիկ որոշակի կողմ են: Ես, օրինակ, համարում եմ, որ կոնկրետ Ամուլսարի հարցով անձամբ ես 100 տոկոս անաչառ և օբյեկտիվ դիրքորոշում ունեմ:  Այսինքն՝ ես այստեղ չունեմ տնտեսական շատ, չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը, որը ես ունեմ, Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահն է: Եվ իմ դիրքորոշումն այն է նաև ի պաշտոնե, որ ես պետք է ծառայեմ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին: Սա է իմ դիրքորոշումը»:

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ