Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաստ, խոսք ու շեշտ. զրույց ՀՑԹԻ «հնաբնակ» էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի հետ

Փաստ, խոսք ու շեշտ. զրույց ՀՑԹԻ «հնաբնակ» էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ռուսերեն լեզվի ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանն սկսել է աշխատել Հայոց ցեղասպանության թանգարանում 1996 թվականից: ՀՑԹԻ առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի կողմից ստորագրված հրամանագրում գրված է. «Աստղիկ Փառնակի Եդիգարյանին ս.թ. օգոստոսի 27-ից ընդունել աշխատանքի Հայոց ցեղասպանության թանգարանի գիտացուցադրական բաժնում որպես էքսկուրսավար՝ աշխատավարձը 5400 դրամ»: 
Այդ օրվանից սկսած, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի երբեմնի շրջանավարտն ավելի քան 20 տարի, նվիրվում է իր աշխատանքին. «Սա պարզապես աշխատանք չէ, սա առաքելություն է»,- նշում է տիկին Աստղիկը: 
Աստղիկ Եդիգարյանը ծնվել է 1939 թ. օգոստոսի 7-ին Երևանում: Երբ եկավ Հայոց ցեղասպանության թանգարան, արդեն կայացած էր ու աշխատանքային հարուստ փորձ ուներ, արագ ինտեգրվեց աշխատանքի մեջ, ավելին՝ կանգնեց հենց թանգարանային աշխատանքների ձևավորման ակունքներում: Անվերջ կատարելության ու կրթվելու ձգտումը տիկին Աստղիկին դարձրեց էտալոն: Եվ սա չափազանցություն չէ. և՛ աշխատակիցները, և՛ թանգարանի այցելուները համակարծիք են: 
«Կարելի է ասել ամեն ինչ զրոյից ենք սկսել: Ոչինչ չգիտեի թեմայի մասին, շատ աղոտ տեղեկություններ, իսկ իմ առջև խնդիր էր դրված մեկ-երկու ամսվա մեջ կազմել թանգարանային ցուցադրության բացատրական տեքստ: Շատ էի կարդում, այդ պահին եղած ամբողջ գրադարանը: Առաջին խմբերից մեկն ուկրաինական պատվիրակություն էր, ես անկախ ինձանից բացվեցի, զգացի զարկերակը»,-հիշում է տիկին Աստղիկը:
Աշխատանքի ընդունվելուց երիտասարդ, նորեկ էքսկուրսավարների խնդիրն է դառնում լսել նրան, ընկալել նրա խոսքը, պատմելու առանձնահատկությունները, որ թանգարանի այցելուին պահում են անսասան լռության մեջ: Աստղիկ Եդիգարյանը որսում է այցելուի հայացքը ու պատմում, պատմում պատմական ճշմարտության, հայ դատի մասին: 
«Էքսկուրսավարի խոսքը նախ և առաջ ինքն իրեն պետք է հետաքրքիր լինի, որ այն չդառնա միապաղաղ, ձանձրալի: Մենք աուդիոգիդ չենք, անընդհատ նույնը կրկնել հնարավոր չէ: Ուրեմն պետք է ունենաս քո պաշարը, որ կարողանաս խոսքդ լրացնել: Հարկավոր է գտնել, բռնել այցելուի տրամադրությունը, փորձել նրան մտցնել պատմության մեջ: 
Ամեն ինչ սկսվում է թանգարանի ընդունարանի պատի քարտեզից, այն իմ համար խաչքար է: Քարտեզներն ընդհանրապես հետաքրքիր են, իսկ փորագրվածը՝ առավել ևս: Այս քարտեզը հնարավորություն է տալիս այցելուին պատկերացնել տարածքային մասշտաբները, որի վրա՝ սրահ առ սրահ, կառուցվում է ցուցադրությունը»,-նշում է տիկին Եդիգարյանը:
Թանգարանի յուրաքանչյուր սրահում տիկին Աստղիկը տարբեր է՝ նրա խոսքի, ձայնի մեջ կարելի գտնել հմտորեն թաքցրած ցավ, հուզմունք, բարկություն, ափսոսանք և հարցեր, անվերջ հարցեր:
«Ցուցադրությանը ծանոթանալուց հետո այցելուին պետք է տալ դատելու հնարավորություն, այցելուն իր մեջ պետք է կայացնի դատավճիռ: Նրանցից շատերը բարձրաձայն են արտահայտվում, որոշները գրառում են կատարում Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների տպավորությունների մատյանում: Սա նրանց իրավունքն է՝ տալ կատարվածի իրենց գնահատականը: Առհասարակ այցելուները, խմբերը շատ տարբեր են, յուրաքանչյուրի հետ ունենք առանձին մոտեցում»,- իր աշխատանքի նրբությունների համար նշում է տիկին Աստղիկը: 
Թանգարանի էքսկուրսավարներն, իհարկե, ժամանակի ընթացքում իրենց ձեռագիրն են մշակում: Բայց երկխոսությունը, փորձի փոխանակումը տարբեր լեզուներով ուղեկցող էքսկուրսավարների միջև ցանկալի է ու պարտադիր: Այս միջավայրում է ստեղծվում ոսկե միջինը: 
«Յուրաքանչյուրն իր հմտությունները պետք է ձևավորի, ունենա իրեն հատուկ պատմելու ձևը, ես նույնպես հետևում եմ իմ կրտսեր գործընկերներին, վերցնում որոշ շեշտադրումներ: Թանգարանը, թանգարանային աշխատանքն ապրող օրգանիզմ է, այն պետք է ամեն օր սնել, նորոգել, հակառակ դեպքում կլճանանք: 
Մեր թիմում կանայք են, տարբեր ու փոխլրացնող բնավորություններով, մոտեցումներով, բայց մեզ միավորում է մեր աշխատանքը, այստեղ «պատահական» մարդիկ չկան, նրանք բոլորն են հասկանում իրենց աշխատանքի կարևորությունը, և դա անում են մեծ նվիրումով: Գուցե, երբեմն նաև չափազանց ենք նվիրվում: Հասկանու՞մ եք, թեման անց ենք կացնում մեր միջով: Հիշում եմ, երբ Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան էին այցելել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը և իր կինը, նրանք այցի վերջում մոտեցան ինձ: Կինը գրկեց ու համբուրեց ինձ, իսկ նախագահը, որ արդեն բարձրացել էր թանգարանի աստիճաններով, հետ եկավ ու ասաց՝ խնայե՛ք Ձեզ»,-հիշում է տիկին Աստղիկը: 
Տարբեր երկրների պատվիրակություններ՝ նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ, և այլն, ուղեկցած էքսկուրսավարը վստահ է.
«Ցեղասպանություն իրագործած ոչ մի պետություն ինքնակամ չի ընդունել այն, մեր՝ էքսկուրսավարներիս խնդիրն է փոքր լումա ներդնել միջազգային հանրության իրազեկման բարձրացման գործում, պատմել նրանց՝ ինչ է տեղի ունեցել ավելի քան 100 տարի առաջ: Հատկապես ուշադիր ու բծախնդիր ենք պաշտոնական պատվիրակությունների դեպքում: Չէ՞ որ նրանք իրենց պետություններն են ներկայացնում ու որոշումներ կայացնելու մեջ մեծ չափաբաժին ունեն: Նրանց կողմից պետք է լինի դատապարտում, ամեն ինչ մեկ մարդուց է սկսվում՝ և՛ լավը, և՛ վատը: Այնպես որ, ես կարծում եմ, եթե հասարակության հիմքում մարդն է, իսկ նա այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ուրեմն պետք է իմանա ճշմարտությունը, պետք է հարցեր ուղղի իր կառավարությանը, հանրությանը: 
Տարիներ առաջ ոչ մեկ չգիտեր թանգարանի մասին, այսօր աշխարհը գիտի և՛ թանգարանի, և՛ մեր աշխատանքի մասին: Սա բարձրագույն գնահատական է: 
Ինձ համար կարևոր է նաև ազդեցությունը, որ թողնում է թանգարանն այցելուի վրա. ի՞նչ է նա զգում, ընկալեց արդյո՞ք կատարվածը: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես իմ էքսկուրսիայից հետո ռուս բարձրաստիճան պաշտոնյան, որ հեղինակավոր գեներալ էր, անկյունում կանգնած արտասվում էր: Պատկերացնու՞մ եք»:
Տիկին Աստղիկի հետ սիրով ու պատրաստակամությամբ են աշխատում նաև լրագրողները՝ տարաբնույթ տեսանյութեր ու տեսաֆիլմեր պատրաստելու ընթացքում: Նման հարցազրույցներից մեկում նա ասում է. «Դուք հասկանու՞մ եք՝ կատարվածը հանցագործություն է, միլիոնավոր մարդիկ ժառանգներ չունեցան, հայերի համար դա չսպիացող վերք է, նրանք դա երբեք չեն մոռանա, իսկ Թուրքիայի համար այն ամոթալի բիծ է, և նրան ժամանակ առ ժամանակ դրա մասին հիշեցնում են: Թուրքիան մշտապես կեղծելով, սպառնալով, հերքում է հայերի ցեղասպանությունը, վախենում է պատասխանատվությունից՝ առաջին հերթին բարոյաէթիկական պատասխանատվությունից: 
Ես թանգարանի այցելուին՝ թե՛ սովորական զբոսաշրջիկ, թե՛ որևէ երկրի դեսպան, պատմում եմ, որ մարդիկ ոչ միայն կոտորվեցին, հայրենազրկվեցին, այլ նաև թալանվեցին: Խոսքը աստղաբաշխական թվերի մասին է՝ տներ, խանութներ, արտադրամասեր, եկեղեցիներ, հողատարածքներ … հայերն ամեն ինչ կորցրեցին: Սրա մասին պետք է պատմել: Սրա հետ հարմարվել հնարավոր չէ»:
Աստղիկը նաև ՀՑԹԻ պաշտոնական կայքէջի ռուսերեն լեզվի խմբագիրն է, աշխատանքն հաճույքով է անում. «Հետաքրքիր է՝ ինչ նյութեր ու հոդվածներ են պատրաստում մեր գիտաշխատողները, ես ամեն օր նոր տեղեկություն եմ ստանում, սովորում»:
Տիկին Աստղիկն, իհարկե, համեստություն է անում, նա ՀՑԹԻ աշխատակիցների ամենաընթերցասերների շարքում է: Եվ նրա պատրաստվածությունն ու գիտական պաշարն ակնհայտ են ամենօրյա աշխատանքի մեջ. անտարբեր անցնել նրա էքսկուրսիայի կողքով՝ անհնար է: 
«Блогадарю Вас», այս խոսքերով է ամեն օր իր էքսկուրսիան ավարտում տիկին Աստղիկը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն էլ իր աշխատակցուհուն է երախտապարտ երկարամյա, արդյունավետ աշխատանքի համար: 
2007 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը տիկին Աստղիկին պարգևատրել է հոբելյանական ոսկե հուշամեդալով՝ երկար տարիների նվիրված աշխատանքի համար:
ՀՀ ԱԺ ղեկավարության կողմից 2016 թ. մայիսին ՀՑԹԻ մի շարք աշխատակիցների հետ միասին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար: 
2019 թ. օգոստոսին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն Աստղիկ Եդիգարյանին երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:
Աստղիկ Եդիգարյանը, առհասարակ, մեդալներ, նվերներ, հուշանվերներ հաճախ է ստանում տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներից: Սա նույնպես նրա աշխատանքին տրված գնահատական է, ուշադրություն, որին նա միանշանակ արժանացել է:
«Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ» հիմնադրամի ողջ անձնակազմը շնորհավորում է սիրելի գործընկերուհուն գեղեցիկ հոբելյանի առիթով, ցանկանում ամուր առողջություն ու երկար տարիների կյանք: 

Արևիկ Ավետիսյան
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]