Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ


ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը օգոստոսի 21-ին  հանդիպեց Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Նիկոլ Մընեսկուին (Ramona Nicole Mănescu)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Մինասյանը շնորհավորեց նախարար Մընեսկուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություն։ 

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները` հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա։

Նախարար Մընեսկուն վստահեցրեց, որ Ռումինիան աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:

Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև՝ անվտանգային ոլորտներում շփումների ակտիվացումը: 

Զրուցակիցները կարևորեցին Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնության պահպանման գործում: 

Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց ռումինացի ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ