Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Հաստատվեց զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը

Հաստատվեց զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու պետական 
աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը սահմանեց  «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության հերթական նիստին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ, նախագծի համաձայն, յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Պաշտպանության նախարարության 500  զինծառայող:

«Ծրագիրը նախատեսում է առավելագունը 28 միլիոն 500 հազար դրամի չափով հիփոթեքային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը։ Առաջնային կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը հետ է վերադարձվում վարկառուին իր վճարված եկամտահարկի հաշվին։

Երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքը գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը։ Ընդ որում՝ պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից 3 տոկոսային կետը, մնացածը վարկառուի հաշվին է երկրորդային շուկայի շրջանակում»,- ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լինելու նաև գնման պայմանագրի ևս 20 տոկոսի չափով ապահովագրություն կամ դրա փոխարեն այլ բնակելի տարածության գրավադրում։ «Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ։ Միաժամանակ, նախկինում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք՝ ծրագրի մասնակից դառնալով առանց վիճակահանությանը մասնակցելու և հրաժարվելով իրենց հաշվառման իրավունքից»,- ասաց Տոնոյանը։

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ