Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Լենտեքս» ընկերությունն ազատվեց ներմուծման մաքսատուրքից

«Լենտեքս» ընկերությունն ազատվեց ներմուծման մաքսատուրքից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/ կամ նյութերը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը գործում է Գյումրիում, զբաղվում է գուլպաների, զուգագուլպաների, տրիկոտաժի  արտադրությամբ և թելի վերամշակման գործունեությամբ։

«Կազմակերպությունը գործում է 2001 թվականից, ներկայումս ունի 382 աշխատատեղ։ Այս ներդրումային բաղադրիչի շնորհիվ կստեղծվի ևս 50-60 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է, որ արտադրանքի ծավալը պետք է կազմի 4,5 միլիարդ դրամ, որից 1,4 միլիարդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, մնացած մասը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ։ Այս հայտի շրջանակում մաքսատուրքից ազատվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3 միլիարդ դրամ, որից մաքսատուրքից ազատման արտոնությունը 155 միլիոն 383 հազար դրամ, իսկ Հայաստանի պետական բյուջեի եկամուտների նվազումը 1 միլիոն 900 հազար դրամ է կազմելու։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ 2018 թվականի գործունեության ընթացքում վճարել է 190 միլիոն դրամ հարկեր»,- ասաց Խաչատրյանը։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման համար:

Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]