Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ձեզ համարում ենք ՀՀ ժողովրդավարության բարեկամը. Վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ

Ձեզ համարում ենք ՀՀ ժողովրդավարության բարեկամը. Վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչը շատ կարևոր էր և արդյունավետ: Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամը: Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, մեր բարեփոխումների համար, և վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնելը: «Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր՝  թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով: ԵՄ համար նույնպես  Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է և կարևոր, և ԵՄ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ առաջ գնալու, բարեփոխումները հաջող կյանքի կոչելու գործում», - նշել է Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]