Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Ճամբարակում սուբվենցիոն ծրագրերի հաշվին հիմնանորոգվում է մի քանի փողոց


ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն ասֆալտապատվել է 1 փողոց եւ հրապարակ, իսկ ընթացքի մեջ են գտնվում ճանապարհների եւ մայթերի ասֆալտապատման աշխատանքները  Պարույր Սեւակ, Գարեգին Նժդեհ եւ Գրիգոր Նարեկացի փողոցներում: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են Նադարյան փողոցում  եւ նրան հարակից հրապարակում:  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիոն 799 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հուլիսի վերջերին եւ ավարտվել օգոստոսի 15-ի դրությամբ:Ասֆալտապատվել է մոտ 200 գծամետր երկարության ճանապարհ:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Պարույր Սեւակի փողոցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 75 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը:Այստեղ ասֆալտապատվում է 620 գծամետր ճանապարհ՝ 5603 քառակուսի մետր մակերեսով:

Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգման աշխատանքները սկսվել են նաեւ Գարեգին Նժդեհի եւ Նարեկացու փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը:Երկու փողոցներում միասին վերցրած պետք է ասֆալտապատվի 955 գծամետր ճանապարհ՝ 4632 քառակուսի մետր մակերեսով: Բացի այդ, 1192 քառակուսի մետր մակերեսով մայթեր պետք է հիմնանորոգվեն Նարեկացի փողոցում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում: «Սուբվենցիոն մյուս ծրագրերով առաջիկայում նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ եւ Բաղրամյան փողոցների ասֆալտապատում, համայնքի վարչական կազմի մեջ  մտնող Անտառամեջ, Բարեպատ, Ձորավանք, Դպրաբակ գյուղերի խմելու ջրատարների կառուցում, Կալավան, Դպրաբակ, Այգուտ գյուղերում ու Ճամբարակ քաղաքում մանկական խաղահրապարակների հիմնում, խմելու ջրատարի ներքին ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցում Ճամբարակ քաղաքում, խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Թթուջուր  գյուղում: Այս տարվա ընթացքում ավարտի կհասցնենք բոլոր ծրագրերը»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ