Ծովազարդում ասֆալտապատվում է կենտրոնական ճանապարհը 1126 գծամետր երկարությամբ
ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը, կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվում է 1126 մետր երկարությամբ եւ շուրջ 7 հազար քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62 միլիոն 995 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերի վերջերին: «Այս ծրագրի ավարտից հետո մենք գյուղի կենտրոնական փողոցում հիմնանորոգման աշխատանքների կատարման կարիք կունենանք եւս 3550 գծամետր ճանապարհի վրա: Եթե մեզ չհաջողվի դա անել պետական միջոցներով, ուրեմն պետք է փորձենք տարեցտարի տեղական միջոցներով կամ սուբվենցիոն նոր ծրագրերով կարգավորել խնդիրը: Իսկ կենտրոնական ճանապարհը տեղական միջոցներով նախորդ տարիների ընթացքում լուսավորվել է ամբողջությամբ»,-ներկայացրեց Արամայիս Ենգոյանը:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում