Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գյումրիում հարգեցին ռուս-թուրքական պատերազմում զոհվածների հիշատակը

Գյումրիում հարգեցին ռուս-թուրքական պատերազմում զոհվածների հիշատակը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում օգոստոսի 20-ին գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 1828, 1855 և 1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմում զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում: Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու բարեշնորհ սարկավագ Տիմոֆեյի: Իսկ մինչ այդ 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին նրանց հիշատակը:

Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը, պաշտոնատար այլ անձինք, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և սպաներ: ՌԴ փոխհյուպատոսը կարևորեց նմանօրինակ հիշատակի միջոցառումները, որոնք խոսում են հայ և ռուս ազգերի դարավոր բարեկամության մասին: «Նախ ողջ հյուպատոսության անունից շնորհակալություն եմ հայտնում, բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ հարգում են 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմում զոհված  հերոսների հիշատակը:  «Պատվո  բլուրը» երկու ազգերի դարավոր բարեկամության վառ ապացույցն է: Ըստ պատմական աղբյուրների հենց այստեղ են իրենց վերջին հանգրվանը կնքել 240 սպա  ու  զինվոր: Հենց այս բլուրի վերականգնում է  խոսում դարերի  խորքից եկող կապի մասին: 9 տարի առաջ երկու երկրների նախագահների կողմից բացված այս հուշահամալիրը մասունք է  հավատարմության ու բարեկամության»,-նշեց ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը:

2009թ. Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ ու հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]