Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Գոմելի մարզում


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանն օգոստոսի 16-ին  այցելեց Գոմելի մարզ, որտեղ կայացավ  Գոմելի մարզի գործադիր կոմիտեի նախագահ Գեննադի Սոլովեյի (Геннадий Соловей) հետ հանդիպում:
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում երկու երկրների հարաբերությունների համատեքստում կարևորվեց միջտարածաշրջանային փոխգործակցության զարգացումը։ Հայաստանի մարզերի ու Բելառուսի Գոմելի մարզի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, դրանց ընդլայնման հնարավորությունների համատեքստում նշվեց նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ փոխադարձ հետաքրքրվածությունը:
 
Գենադի Սոլովեյը ներկայացրեց մարզի ներդրումային միջավայրը, տնտեսական և արդյունաբերական ներուժը: Ըստ նահանգապետի՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում մարզի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 4,8 մլն դոլարը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը կազմել է 154,6%: Իրենց արտադրանքը Հայաստան են արտահանում մարզում գործող 35 կազմակերպություն:
 
Այցելության շրջանակներում դեսպան Ղևոնդյանը հանդիպում ունեցավ մարզգործկոմում մարզի բնակիչներ Նատալյա Վալիցկայային, Լյուդմիլա Վլասովային, Վիկտոր Նեգրեյին, ովքեր բելառուսական ջոկատների կազմում մասնակցել են 1988թ․ Սպիտակի աղետի գոտում ծավալված փրկարարական աշխատանքներին, դեսպան Ղևոնդյանը հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերը։
 
Գոմել կատարած այցի շրջանակներում Հայաստանի դեսպանն այցելեց նաև քաղաքի ու մարզի երկու խոշոր ձեռնարկություններ՝ «Միլկավիտա» կաթնամթերքի գործարան և «Սպարտակ» հրուշակեղենի գործարան, որտեղ ծանոթացավ արտադրական գործընթացներին, կիրառվող տեխնոլոգիաներին, ինչպես նաև Հայաստանի հետ գործարանների ունեցած առևտրական կապերին։



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ