Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի 
Վերափոխման տոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի հայ համայնքը օգոստոսի 15-19- մեծ շուքով նշեց սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, դեռևս հինգշաբթի օրվանից սկսվել էր հարյուրավոր ուխտավորների երթը դեպի Սուչավա քաղաք, ուր տեղի հայկական վանքերում ու եկեղեցիներում տեղի պիտի ունենային տոնական միջոցառումներն ու սրբազան արարողությունները:

Օգոստոսի 15-ին, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ դեպի Սուչավա ճանապարհին առաջին կանգառը տեղի ունեցավ Ռոման քաղաքում, ուր տեղի Ս. Աստվածածին հայոց եկեղեցում կատարվեց երեկոյան ժամերգություն՝ ներկայությամբ տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների։ Ուխտավորներին ընդունեց և ողջունեց Ռոմանի և Բակըուի արքեպիսկոպոս Յոհակիմի ներկայացուցիչը՝ փոխանցելով առաջնորդ հոր օրհնությունն ու բարեմաղթությունները:

Օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին, ուխտավոր ժողովուրդը առաջնորդի գլխավորությամբ հավաքվեց Սուչավայի Ս. Սիմեոն հայկական եկեղեցում, ուր կատարվեց երեկոյան ժամերգություն, հավարտ որի եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ տեղի գերեզմանատանը ամփոփվածների հոգիների համար:

Միևնույն օրը, ժամը 18:30-ին, Սուչավայի Ս. Խաչ հայկական եկեղեցում ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը, կատարվեց նախատոնակ՝ հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդի:  Ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնեց մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով:

Օգոստոսի 18-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, ուխտավորների խումբն իր ճամփան բռնեց դեպի հռչակավոր և հրաշագործ Հաճկատար Ս. Աստվածածին վանքը: Այն հիմնադրվել է 1512 թվականին, Տոնավագ եղբայրների բարերարությամբ  և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագ մատուցեց Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուն, թեմի հոգևոր դասը, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Բակըու, Բոտոշան, Յաշ, Պիտեշտ, Գալաց, Ռոման և այլն: Պատարագի ավարտին Թեմակալ Առաջնորդն իր օրհնությունը բաշխեց հարյուրավոր ուխտավորներին, կատարվեց խաղողօրհնության կարգ: Օրհնված խաղողը և մատաղը բաժանվեցին ուխտավոր ժողովրդին, վանքի սեղանատանը ուխտավորները մասնակցեցին սիրո ճաշի: Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարից Ս. Հաճկատար էր բերվել նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր Աջը` ուխտավորների երկրպագության համար:

Միևնույն օրը, օգոստոսի 18-ին, Տաթև Սրբազանի օրհնությամբ մեկնարկեց ,,Սփյուռքի հետազոտության ծրագիրը,,: Նպատակն է հատուկ հարցաշարի միջոցով քննել սփյուռքի հասարակության կարծիքը, վեր հանել տարբեր համայնքներում առկա խնդիրները, որոնց աշխարհի տարբեր անկյուններում բախվում են մեր հայրենակիցները 21-րդ դարում: Այդ առիթով Սրբազանի օրհնությամբ Ռումինիա էր ժամանել ծրագրի պատասխանատուներից մեկը, Օքսֆորդի համալսարանի դասախոս տիար Հրաչ Չիլինգիրյանը: Կառույցի կողմից ամեն տարի ընտրվում են չորս երկրներ, այս տարի Ռումինիան, Կանադան, Լիբանանը և Արգենտինան, ուր կատարվում են հետազոտություններ: Ծրագիրը ֆինանսավորվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի` հայ համայնքների բաժնի կողմից:

Օգոստոսի 19-ին, ժամը 10:00-ին, Սուչավայի մյուս նշանավոր՝ Զամկայի հայոց վանքում, Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար: Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի  ուխտը, կատարի բոլորի բարի խնդրվածքները և հորդորեց մեկ տարի անց դարձյալ հանդիպել այս նշանավոր սրբավայրում և նորոգել առ Աստված ուխտը:

Միևնույն օրը Սրբազանը հանդիպեց Սուչավայի և Ռըդըուցի արքեպիսկոպոս Պիմենի հետ: Հանդիպման ընթացքում խոսվեցին երկու եկեղեցիների և քրիստոնյա երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մասին: Տաթև Սրբազանը շնորհավորեց ռումին արքեպիսկոպոս Պիմենին 90 ամյա հոբելյանի առիթով՝ մաղթելով քաջառողջություն և բեղմնավոր հովվություն:

Օգոստոսի 19-ին ավարտվեց քառօրյա ուխտագնացությունը, որի ընթացքում Սուչավա քաղաքի բոլոր հայկական եկեղեցիներում ու վանքերում վերստին և անդադար հնչում էր աղոթքը, քաղաքը հայկական շունչ էր առել՝ իր գիրկը կանչելով հարյուրավոր այցելուների և ուխտավորների։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]