1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստան-Ադրբեջան «դիրքային» և տեղեկատվական պայքարի վերջին դրսևորումները

Հայաստան-Ադրբեջան «դիրքային» և տեղեկատվական պայքարի վերջին դրսևորումները
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարը վերջին ամիսներին սահմանային մի շարք շրջաններում նկատվող լարվածության աճին զուգահեռ զգալիորեն ակտիվացել է: Գաղտնիք չէ, որ սահմաններին տարիներ շարունակ գործ ունենք բավական լուրջ «դիրքային» պայքարի հետ, որի բաղկացուցիչ մաս է նաև միջդիրքային տարածությունում ռազմավարական կարևորություն ունեցող, տիրապետող բարձունքներում հաստատվելու խնդիրը: Վերջին ամիսներին նման ակտիվ պայքար ծավալվել էր նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ Տավուշի մարզի հյուսիսային հատվածում: Լարվածության աճի արդյունքում, ցավոք, ունեցանք զոհ և վիրավորներ: Ադրբեջանական կողմը ևս կրեց զգալի կորուստներ, որոնք Բաքվի քարոզչամեքենան փորձում էր ամեն կերպ թաքցնել:

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որը 2018թ.-ի դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը, սահմանի տվյալ հատվածներում ակտիվորեն նախաձեռնել էր ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում: Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր,  Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ:

Հատկանշական է, որ դիրքային այս տեղաշարժերն իրենց արտացոլումը գտան նաև տեղեկատվական պայքարի շրջանակներում: Ադրբեջանական քարոզչամեքենան, աղավաղելով իրողությունները, ձգտելով թաքցնել սահմանապահ ծառայության ձախողումը և հայկական ուժերի արձանագրած հաջողությունները, տեղեկատվական դաշտում սկսեց լայնորեն տարածել ապատեղեկատվություն պարունակող մի շարք թեզեր: Մասնավորապես, շրջանառության մեջ դրվեց, թե իբր ադրբեջանական ուժերն ունեն առաջխաղացում և չորս նոր դիրք են կառուցել, որոնց շնորհիվ ձեռք են բերել առավելություն: Սակայն տվյալ թեզերն իրականությանը չեն համապատասխանում. նախ, Հայաստանի տարածքում որևէ դիրքային առաջխաղացում ադրբեջանական կողմը չունի, իսկ ինժեներական աշխատանքները կատարվել են Ադրբեջանի տարածքում (սահմանից շուրջ 500-600 մետր խորք ընկած հատվածում), որտեղ նախկինում ևս տեղակայված են եղել ադրբեջանական ուժեր: Սակայն արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում ադրբեջանական քարոզչական թեզերը որևէ քննադատության չեն դիմանում: Հատկանշական է, որ ՀՀ զինված ուժերը, չնայած արձանագրած դիրքային հաջողություններին, որդեգրել էին առավել զուսպ կեցվածք և միայն ադրբեջանական ապատեղեկատվությունից հետո բացվեցին որոշ փակագծեր, իսկ փորձագիտական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրեցին անհերքելի փաստեր:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ ադրբեջանական կողմը թե՛ դիրքային, թե՛ տեղեկատվական պայքարում ձախողել է: Այնուամենայնիվ, պետք է չմոռանալ նաև, որ դրանք շարունակական գործընթացներ են, և անհրաժեշտ է մշտապես լինել զգոն ինչպես սահմաններին, այնպես էլ տեղեկատվական դաշտում՝ ադրբեջանական կողմից եկող ռիսկերը չեզոքացնելու նպատակով: 

Նարեկ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]