Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի Ամուլսարի խնդրի հետ. Փաշինյան

Կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի Ամուլսարի խնդրի հետ. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով օգոստոսի 19-ին կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը. կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի ոչ Ամուլսարի, ոչ էլ որևէ հանքի կամ բիզնեսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պետական պատկան մարմինների, ինչպես նաև ջերմուկցիների, բնապահպանների և խնդրով շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում նա մեջբերել է 2018 թվականի հուլիսի 28-ին արած իր հայտարարությունից մի հատված:

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում՝ հնարավորություն տալ Կառավարությանը, որպեսզի զբաղվի այս հարցով: Ես չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում: Ես խնդիր ունեմ այդ գործողության նպատակը հասկանալու իմաստով, որովհետև այն կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ: Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե որ մեկնաբանությունն է առավել ճշգրիտ: Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության այդ բոլոր գործողությունները և հնարավորություն տալ Կառավարությանը զբաղվել այդ խնդիրներով և փաստերի հիման վրա լուծել այդ խնդիրները»,- նշել է Փաշինյանը և հավելել, որ չեն կարող կայացնել  չինֆորմացված որոշումներ, այնպիսի որոշումներ, որի ճշմարտացիության մեջ 100 տոկոսով համոզված չեն:

Իր հայտարարության ժամանակ վարչապետը հույս էր հայտնել, որ բոլորն էլ հասկանում են, որ կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի ոչ Ամուլսարի, ոչ էլ որևէ հանքի կամ բիզնեսի հետ:

«Չկա այնպիսի մի սուբյեկտ, որի հետ կապված մենք ինչ-որ կաշկանդվածություն ունենաք:  Բոլոր դեպքերում մեր գործողությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հնարավորությունն ունենանք, ընդ որում՝ առանց նախապայմանի: Ինձ համար հասկանալի չեն նաև այս պարագայում քաղաքացիական անհնազանդության գործողությունները և, եթե դրանց նպատակը սաբոտաժը և Կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա կոչ եմ անում դադարեցնել: Եկե՛ք, օգնե՛ք մեզ և մի՛ խանգարեք, որպեսզի մենք որոշումները կայացնենք հիմնվելով բացառապես այդ փաստերի վրա: Հնարավոր է, որ իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին երևում է, որովհետև կարող է գործողությունների նպատակն այն չէ, ինչի մասին հայտարարվում է: Սա է մեր դիրքորոշումը»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝

  • Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը Ջերմուկ չեն հասնի.
  • Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամասը, որը ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝ Կեչուտ-Սևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրա: Սակայն ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնիՍևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամնույնիսկ չափելի փոփոխություններ՝ նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերի պատճառով:
  • ստեղծված են 5 հիդրոերկրաբանական միավորներ, որոնք պատշաճ կերպով ապահովում են, որպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Արփա, Դարբ, Որոտան գետերի վրա ստեղծված շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, ընդհանուր առմամբ, բավարար են:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]