1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վիճակագրական կոմիտեն պարզաբանում է՝ ինչու են գործազրկության տարբեր ցուցանիշներ հրապարակվում

Վիճակագրական կոմիտեն պարզաբանում է՝ ինչու են գործազրկության տարբեր 
ցուցանիշներ հրապարակվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը պարզաբանել է, թե որոնք  են գործազուրկների և պաշտոնապես գրանցված գործազուրկների վերաբերյալ ցուցանիշների մեթոդաբանական տարբերությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ օրերս գործազրկության վերաբերյալ թվեր են հրապարակվել և ԶԼՄ-ներում հարցադրումներ են արվում, թե ինչու՞ են վարչապետն ու վիճակագիրները տարբեր թվեր հրապարակում, պատասխանեց. «ԶԼՄ-ներում օգտագործված թվերը տարբեր են, որովհետև օգտագործվել են տարբեր ցուցանիշներ՝ գործազուրկներ և պաշտոնապես գրանցված գործազուրկներ, որոնք էապես տարբերվում են»:

Լուսինե Քալանթարյանը պարզաբանեց այդ տարբերությունները.

«Առաջին ցուցանիշն արտացոլում է երկրի ողջ աշխատաշուկայում գործազուրկների թվաքանակը և հիմք է հանդիսանում գործազրկության մակարդակի ցուցանիշի հաշվարկի համար՝ ՄԱԿ-ի անդամ երկրների համար երաշխավորված մեթոդաբանությամբ, իսկ երկրորդը՝ ՀՀ Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված գործազուրկների, այլ կերպ ասած՝ վարչական լիազոր մարմնում պաշտոնապես գրանցված, Զբաղվածության մասին ՀՀ օրենքով սահմանված, պետության կողմից պաշտոնապես գործազուրկ ճանաչվածների թվաքանակը: Այնուհանդերձ, պետք է նշեմ, որ աշխատանքի շուկայի հիմնական վիճակագրության լավագույն աղբյուրը միջազգայնորեն համարվում է աշխատուժի հետազոտությունը, ինչի միջոցով էլ Վիճակագրական կոմիտեն ստանում է տվյալներ հանրությանն առավել հայտնի զբաղվածության, գործազրկության և երկրի աշխատանքի շուկան բնութագրող այլ ստանդարտ ցուցանիշների մասին:

Նշեմ, որ հետազոտության ողջ գործիքակազմը հիմնականում համապա­տաս­խանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և Եվրոստատի կողմից առաջարկվող սահմանում­ներին ու դրույթներին, որոնք հնարավո­րինս տեղայնացվել են ըստ ազգային առանձնահատկութ­յունների: Ըստ այդ մեթոդաբանության՝ գործազուրկ համարվում է 15-75 տարեկան անձը, ով հետազոտությանը նախորդող վերջին 4 շաբաթվա ընթացքում միաժամանակ բավարարել է հետևյալ երեք պայմաններին՝ չի ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք, ակտիվորեն փնտրել է աշխատանք` օգտագործելով ցանկացած միջոց, այսինքն` դիմել է զբաղվածության պետական և (կամ) մասնավոր ծառայություն, աշխատանք է փնտրել ծանոթների, բարեկամների, հայտարարությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով, պատրաստ է եղել անմիջապես անցնել աշխատանքի:

Ինչ վերաբերում է պաշտոնապես գրանցված գործազուրկների օրենքով սահմանված կարգով կիրառվող վարչական բնույթի հարաբերությունները կարգավորող սահմանմանը, ապա Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված գործազուրկ են համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած` աշխատանք փնտրող և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձինք, ովքեր աշխատանք գտնելու նպատակով հաշվառված են Զբաղվածության պետական գործակալությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Ինչպես նկատում ենք, գործակալության կողմից պաշտոնապես գրանցված գործազուրկների շրջանակը սահմանափակվում է միայն այն անձանցով, ովքեր աշխատանք գտնելու նպատակով դիմել են պետական մարմնին, իսկ ԱՄԿ մեթոդաբանությամբ կիրառական է ակտիվորեն աշխատանք փնտրելու ցանկացած միջոց և զբաղվածության պետական և կամ մասնավոր ծառայության, ծանոթների, բարեկամների հայտարարությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով աշխատանք փնտրելը: 

Հարցին՝ ներկայացված պարզաբանումները հասանելի՞ են բոլորին: Եթե այո՝ որտե՞ղ կարելի է գտնել դրանք, Քալանթարյանը պատասխանեց.

«Որպես հիմնական աղբյուր, թերևս, նշեմ Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում տարեկան թեմատիկ ժողովածուի վերջին՝ 2018թ., թողարկման 6-7-րդ էջերը, https://www.armstat.am/file/article/trud_18_02.pdf, իսկ որպես ընթացիկ օպերատիվ աղբյուր՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-հունիսին տեղեկատվական-ամսական զեկույցի 72-92-րդ էջերը, տե՛ս https://www.armstat.am/file/article/sv_06_19a_141.pdf, որտեղ հրապարակված են վերը հիշատակված երկու տարբեր ցուցանիշներն էլ. առաջինը՝ 1.4.1.1. Զբաղվածության ցուցանիշների գնահատումն ըստ աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքների 2019թ. առաջին եռամսյակի տվյալներով և երկրորդը՝ 1.4.1.2. Գործազրկության ցուցանիշներն ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տվյալների 2019թ. առաջին կիսամայակի տվյալներով: Այդ երկու ցուցանիշների մեթոդաբանական պարզաբանումներն զետեղված են նույն զեկույցի 325-329-րդ էջերում, տե՛ս https://www.armstat.am/file/article/sv_06_19a_6300.pdf»:

 

Վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը «Արմենպրես.-ի հետ զրույցում մեկնաբանել է պնդումները, որ Վիճակագրական կոմիտեն մեկ տարուց ավել է, ինչ չի հրապարակում միգրացիայի և սահմանահատումների ցուցանիշները և վերլուծաբանները ստիպված են օգտվել այլ երկրների այն ցուցանիշներից, որոնք վերաբերում են Հայաստանին:

«Իհարկե, այդպես չէ: Ժողովրդագրական ցուցանիշները, այդ թվում Ձեր կողմից հիշատակված՝ ըստ  վիճակագրական ծրագրի և տվյալների տարածման օրացույցների, հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ և հասանելի են բոլորին: Այսպես,  Վիճակագրական կոմիտեն միգրացիայի և սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում  է սպառողներին՝  «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցի՝  հունվար-մարտի, հունվար-հունիսի, հունվար-սեպտեմբերի, հունվար-դեկտեմբերի հրապարակումների, «5.2. Ժողովրդագրական իրավիճակը» խորագրով հատվածում: Վերջինը հրապարակվել է 2019թ. հունվար-հունիսի զեկույցում, տես՝ https://www.armstat.am/file/article/sv_06_19a_520.pdf:  Ընդ որում, հիշյալ հրապարակման հավելված 3-ում ներկայացված են  նաև համապատասխան մեթոդաբանական պարզաբանումներ, տես՝ https://www.armstat.am/file/article/sv_06_19a_6300.pdf: Իսկ միգրացիայի և սահմանահատումների տարեկան ամփոփված ու մանրամասնեցված տվյալները զետեղված են «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու», հրապարակման Մաս 7-ում, «Միգրացիա» խորագրի ներքո: Վերջին՝ 2018թ. հրապարակման մանրամասները, այդ թվում մեթոդաբանական պարզաբանումները, տես՝ https://www.armstat.am/file/article/demog_2018_7.pdf»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]