Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Դիրքերում սննդի որակը կլավանա. Արծրուն Հովհաննիսյան


ԳՅՈՒՄՐԻ, 19  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ  զորամասերում սննդի նոր կարգ ներդնելու համար շարունակվում են բանակցությունները մասնավոր կազմակերպությունների հետ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մինչև տարեվերջ, կարծում եմ, բոլոր զորամասերում հնարավոր չի լինի ներդնել զինվորներին սնունդ մատակարարելու նոր կարգը, բայց հաջորդ տարի գործընթացն ավարտին կհասցնենք, և մեր զինվորներին կտրամադրվեն բարձրորակ սնունդ ու ճաշատեսակներ»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Խոսելով դիրքերում  մատակարարվող սննդի որակի ու տեսակի մասին՝ մամուլի խոսնակը վստահեցրեց, որ մատակարարվող սննդի որակը կլավանա: Ըստ նրա, «դիրքերում նման ծառայություն մատուցել հնարավոր չէ՝ կախված տեղանքից, բայց որ սննդի տեսականին կավելացվի ու մատակարարման որակը կբարձրացվի, դա միանշանակ է»։

 Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ամառային զորակոչին ու նշեց, որ զորակոչը կազմակերպվել ու անցել է շատ լավ՝ սպասվածից նույնիսկ շատ ավելի լավ, բայց ըստ նախատեսվածի, վերջնական ամփոփ տվյալներ կներկայացնի Պաշտպանության նախարարությունը ձմեռային զորակոչից առաջ: Այս անգամ ևս եղել են բողոքարկումներ, որոնք դարձել են համապատասխան հանձնաժողովի քննության առարկան: Սա, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, մի մեխանիզմ է, որից բոլորը պետք է  օգտվեն:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ