Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Գյումրու դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի վերանորոգված ու առաջնախաղով


ԳՅՈՒՄՐԻ, 19   ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍԳյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Թատրոնի արձակուրդի ընթացքում նորոգվել է մեծ դահլիճը՝ փոխվել է հնամաշ գորգածածկը, վերանորոգվել՝ աթոռները: Անվտանգությունից ելնելով՝  կատարվել է նաև  դահլիճի աթոռների դասավորության փոփոխություն՝ այսուհետ թատրոնը կունենա պարտեր, այնուհետև անցում ու ամֆիթատրոն, նմանատիպ բաժանում մինչ այս չի եղել: Վերանորոգումը կատարվել է թատրոնի սեփական միջոցներով: Մինչ սեպտեմբերի 20-ը՝ 154-րդ թատերաշրջանի բացումը թատրոնում վերջին շտկումներն են իրականացվում: Վերականգնողական աշխատանքներ  են իրականացվել նաև թատրոնի փոքր բեմում, ճեմասրահում:

Թատրոնը միայն թարմ տեսքով չէ, որ պատրաստվում է թատերաշրջանին։ Ստեղծագործական գործընթացը ևս հագեցած է նորություններով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Նիկոլայ Ծատուրյանի «Թռիչքը» այլաբանությունը: «Թատերաշրջանի բացման օրը անակնկալ է սպասում հանդիսատեսին ոչ միայն թատրոնում, այլև թատրոնից դուրս՝ «Թատերական» հրապարակում։ Սակայն դրա  մասին չենք խոսի՝ անանկալն իրական լինելու համար»,-«Արմենպրես»-ին ասաց թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանը: Լիովին փոփոխված այս թատերաշրջանում  հանդիսատեսին կներկայացվի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը՝ նոր դերակատարներով ու նոր խորեոգրաֆիկ լուծումներով: Հոկտեմբերին արդեն փոքր հանդիսատեսի համար կցուցադրվի նոր մանկական ներկայացում՝ «Բուրատինոյի արկածները»: Արդեն մեկ տարի է թատրոնը համագործակցում է Լիբանանի Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հետ: Այս տարի թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հրավերով Գյումրու դրամատիկականում բեմադրություն կանի այդ թատերախմբի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը, որը կիրականացնի Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մաթեոս» պիեսի բեմադրությունը: Այն կհնչի ինչպես արևմտահայերն, այնպես էլ արևելահայերն: Այս պիեսի առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերին:  Խաղացանկ կվերադարձվեն նաև «Սիրո քասթինգ», «Փարիզը վտանգավոր  քաղաք է»  երեկոյան և մանկական «Երեք խոզուկները» ցերեկային ներկայացումները: Փոքրիկ   հանդիսատեսի համար կցուցադրվի նաև «Փանոսի արկածները»: Այս ամենից բացի, ընթանում են այլ ներկայացումների փորձեր ևս, սակայն դրանք կլինեն հոկտեմբեր-նոյեմբերին: Ամանորի ներկայացումները նույնպես կուրախացնեն փոքրիկներին ու մեծահասակներին:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ