Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկրաբանն անհրաժեշտ է համարում Ամուլսարի հանքի շահագործումը` խիստ հետևելով բնապահպանական հարցերին

Երկրաբանն անհրաժեշտ է համարում Ամուլսարի հանքի շահագործումը` խիստ 
հետևելով բնապահպանական հարցերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաբանական գիտությունների թեկնածու Արկադի Մուխսի-Հովեյանը կարծում է, որ պետք է հաշվի առնել Ամուլսարի շահագործման հարցով միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը և թույլատրել հանքի շահագործումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում երկրաբանը նշեց, որ լեռնային արդյունաբերությունը Հայաստանում պետք է զարգանա՝ շատ խիստ հետևելով բնապահպանական հարցերին:

«Հնարավոր է, որ հանքի շահագործումն ինչ-որ չափով բնապահպանական ռիսկեր պարունակում է, բայց չէ որ նախագծով այդ ամենը հաշվի առվել է: Եթե փորձագետները համարում են, որ թույլատրելի է հանքի շահագործումը, պետք է հաշվի առնել նրանց եզրակացությունը: Տաք գլխով, զգացմունքներով այս հարցը պետք չէ լուծել: Ինչ-որ մեկը մեքենայով ճանապարհը փակի և պնդի, որ շահագործումը վնաս է, ես չեմ հավատա նրան, որովհետև նա չի հիմնավորում , թե ինչու է վնաս դա: Եթե միջազգային փորձագետը ասում է, որ կարելի է շահագործել, ուրեմն կարելի է: Հանքարդյունաբերությունը կարևոր ոլորտներից մեկն է աշխարհում: Առանց արդյունաբերության շատ դժվար կլինի երկիրը զարգացնել: Բացի այդ, ինչպես կարող ենք չհամաձայնել միջազգային փորձագետների հետ»-, եզրափակեց Մուխսի-Հովեյանը:

ՀՀ նախագահական նստավայրում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումն Ամուլսարի շահագործման հարցով: Հանդիպումը փակ է, բայց տեղեկություններ կան, որ մասնակցում են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ կողմեր:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝

  • Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը Ջերմուկ չեն հասնի.
  • Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամասը, որը ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝ Կեչուտ-Սևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրա: Սակայն ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ՝ նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերի պատճառով:
  • ստեղծված են 5 հիդրոերկրաբանական միավորներ, որոնք պատշաճ կերպով ապահովում են, որպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Արփա, Դարբ, Որոտան գետերի վրա ստեղծված շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, ընդհանուր առմամբ, բավարար են: 

Մեկ անգամ չէ, որ վարչապետը նշել է. «․․․եթե մենք հիմա գտնվեինք Ամուլսարի ծրագրի ուսումնասիրման գործընթացի նախնական փուլում, ապա ամենայն հավանականությամբ կառավարությունը կընդուներ ուղղակի քաղաքական որոշում` աննպատակահարմար համարելով Ջերմուկի մոտ որևէ հանք ունենալ։ Սակայն դե յուրե ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանքի շահագործման համար աշխատանքների 80 տոկոսն արդեն արված են: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստել, և ցանկացած որոշում պետք է կայացի փաստերի հիման վրա»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]