Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» գործողությունը եւ դրա քաղաքական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»  գործողությունը եւ դրա քաղաքական բաժինը. 
Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրեւ արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է եւ անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել  են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն  գործնական տեսք  է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարած  «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձեւը։

Հակադարձ այս գործողությունը սակայն ազատագրման իրագործմանն առընթեր նվաճել է ռազմավարական կարեւորագույն կետեր։ Ադրբեջանական նկրտումների դիմաց՝ վերահսկողության տակ է հայտնվել Հայաստան-Վրաստան մայրուղին, հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից  ուղիղ նշանառության տակ՝ Ադրբեջան-Վրաստան մայրուղին։ Մայրուղիների վերահսկողության կամ նշանառության տակ հայտնվելու ուղղությամբ հայկական կողմը ձեռք է բերել ռազմավարական առավելություններ։

Ռազմավարական առավելությունները համալրվել են, երբ նկատի ունենանք նաեւ այն, որ թիրախային գոտում հայտնվել է  նաեւ ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը: Եւ կարեւորագույն հանգամանքը՝ որ եթե թշնամուն հաջողվեր իր հարձակվողապաշտ մտահղացումը՝ ապա այդ դեպքում պիտի վտանգվեր Վրաստանի ճանապարհով ՀՀ մտնող գազատար խողովակաշարը։ Իսկ դա կենսական նշանակություն ունի ՀՀ-ի համար։

Բաքու-Թբիլիսի քաղաքական որոշակի լարվածության պատճառներից էր, ադրբեջանական սահմանապահ զորքերի դեպի վրացական տարածքներ տեղաշարժը, ինչը Բաքուն ներկայացնում էր իբրեւ հայկական տարածքների գրավում։ Այս ապատեղեկատվությունը խորքի մեջ չեզոքացվում էր նաեւ հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողությամբ։ Վրաստանի հետ երկու ուղղությամբ մայրուղիներից ադրբեջանական վերահսկողության վտանգի չեզոքացումը քաղաքական ուղերձ է նաեւ Թբիլիսիին։ Զուտ քաղաքական տրամաբանության ընկալմամբ Բաքու-Թբիլիսի լարվածությունը ենթահող է հարթում Թբիլիսի-Երեւան հավելյալ մերձեցման. իսկ այս գործողությունը համահարթեցնում է այդ ենթահողը դրական շեշտերով։

Բայց միայն Վրաստանի ուղղությամբ չէ, իհարկե, կատարված ազատագրական գործողության ձեռք բերած առավելությունները։ Թե՛ Տավուշի, եւ թե՛ Նախիջեւանի ուղղություններով ադրբեջանական զորքերի աշխուժացումը, սահմանին կատարված զորավարժական հանդեսների կազմակերպումները միտում են Արցախ-Ադրբեջան հակամարտության իրավաքաղաքական բնութագիրը փոխել եւ այն վերածել հայ-ադրբեջանականի։

Հերթական անգամ, երբ միջազգային մակարդակում արցախյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական եռուզեռ է ստեղծվում, Բաքուն ՀՀ-ի հետ պետական սահմանային միջադեպեր է բեմադրում։ Ռազմական այս բեմադրությունը այս անգամ թանկ արժեցավ Բաքվին, որ ռազմավարական նշանակություն ունեցող զինվորական հենակետեր եւ տարածք զիջեց հայկական կողմին։ Նոր պատերազմ՝ նոր տարածքներ բանաձեւը սկսել է լիարժեք աշխատել։ Իսկ այս բանաձևը, իհարկե, չի վերաբերում միայն Տավուշի սահմանային գոտուն. այլ ամբողջ պետական սահմանին եւ Արցախ-Ադրբեջան շփման գծին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]