«Շիրակ» ավտոարշավի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է
ԳՅՈՒՄՐԻ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրենալին ստանալու ու հայրենի երկիրը ճանաչելու նախաձեռնությամբ, արդեն 3-րդ տարին է իրականացվում է «Շիրակ» ավտոարշավը։ Օգոստոսի 16-ի երեկոյան ավտոարշավի մասնակիցները Երևանից շարժվեցին Շիրակի մարզի Ցողամարգ բնակավայր։ Օգոստոսի 17-ի առավոտյան՝ 10։00-ից, ամենագնացները անցան Բանդիվան-Սեպասար-Կարմրավան-Հարթաշեն-Մուսայելյան բնակավայրերի դաշտերով, լեռներով ու ձորերով և հասան «Թռչկանի» ջրվեժ։
Այս տարի ավտոարշավին միացան Xterra Club Armenia ակումբի անդամները: Նախաձեռնության հեղինակը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է: Ի դեպ, արշավը, որպես ավանդույթ մեկնարկում է Արծրուն Հովհաննիսյանի ծննդավայրից՝ Ցողամարգից՝ գյուղի ավերված եկեղեցում մոմ վառելուց հետո:«Մենք որոշել ենք արշավներ անել, մեր երկիրը, բնությունը, պատմամշակութային հուշարձաններն ու գեղատեսիլ վայրերը բացահայտելու ու ճանաչելու նպատակով: Բարեբախտաբար տարեցտարի մարդիկ շատանում են, ովքեր հետաքրքրություն են դրսևորում գալ ու մեզ միանալ: Այս տարի այս արշավին միացավ նաև Xterra Club Armenia ակումբը, որը նաև կազմակերպում է արտաճանապարհային «OFF ROAD» արշավներ: Իրենց հետ հաճախ ենք գնում սարերը և այս անգամ նրանք մեծ սիրով համաձայնեցին գալ Շիրակ: Աշխատում ենք հատկապես Շիրակի հյուսիսային բոլոր սիրուն տարածքներն անցնել ու ավարտել «Թռչկան»-ով, որն անասելի գեղեցիկ վայր է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը
«Շիրակ» ավտոարշավի կազմակերպիչները այս ընթացքում միացան նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «Տնակից տուն մեկ քայլ է» նախագծին:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում