Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Օշականի ճակատամարտի 192-ամյակի միջոցառման մասնակիցները հարգեցին հայ և ռուս նահատակների հիշատակը

Օշականի ճակատամարտի 192-ամյակի միջոցառման մասնակիցները հարգեցին հայ և 
ռուս նահատակների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին` 1826-28թթ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Օշականի ճակատամարտում զոհված հայ եւ ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ նշվեց Օշականի ճակատամարտի 192-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, այնուհետ ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ։

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն, ընթերցելով մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը, նշեց, որ ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Օշականի ճակատամարտը մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի ազատության գործում։

«Հայ-ռուսական հարաբերությունները հարյուրավոր տարիների պատմություն ունեն։ Այդ հարաբերություններն իրենց արմատներով դարեր են ձգվում։ Մեր ժողովուրդների բարեկամությունը փորձված է արդեն ժամանակով։ Օշականի ճակատամարտը ցույց տվեց, որ հայ և ռուս եղբայրական ժողովուրդները ցանկացած փորձություն կարող են պատվով հաղթահարել։ 1827թ. ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից մեկն է»,- ասաց Գրիգորյանը։

Օշականի ճակատամարտի ընթացքում հերոսաբար զոհվել է 1130 ռուս զինվոր։ Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինիգուբովն ընդգծեց այն նվիրվածությունը հայրենիքին ու հայ ժողովրդին, որը դրսևորել են նահատակները։

«Ամեն տարի մենք հավաքվում ենք Օշականի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ, որպեսզի հարգենք ռուս սպաների ու զինվորների, ինչպես նաև հայ կամավորների սխրանքը, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայաստանի ազատության համար պայքարում»,- նշեց Սինիգուբովը։

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների հոգևորականների Տերունական աղոթքով ու խնկարկման արարողությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]