Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները և դրանց վերլուծության խնդիրը

ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները և դրանց վերլուծության խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան լրատվադաշտում և սոցցանցերի հայկական տիրույթում քննարկումների առարկա է դարձել ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի պատրաստած տեսանյութը, որում փորձ է արված համադրել այդ կառույցում Հայաստանի և այլ երկրների (ԱՄՆ, ՌԴ, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան) քվեարկությունները: Չնայած մտահաղացման հետաքրքիր լինելուն՝ պետք է փաստել, որ քվեարկությունների և դրանց համադրության վերլուծության փորձը թերի է և ոչ հաջողված:

Վերլուծության մեջ ամբողջովին անտեսված է քվեարկության դրվող հարցերի բովանդակային կողմը, իսկ քվեարկությունների պատկերը ներկայացված է խիստ ընտրողաբար: Անհասկանալի է, թե ինչու և ինչ չափորոշիչով են տեսանյութում առանձնացվել ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներից միայն մի քանիսը։

Քվեարկությունները Միավորված ազգերի կազմակերպության առօրյա գործունեության մասն են, և դրանց, որպես կանոն, նախորդում են բանակցային գործընթացներ, որի շրջանակներում ՄԱԿ-ի տարբեր անդամ երկրներ փորձում են համաձայնության հասնել բազմաթիվ հարցերի շուրջ։ Բանակցային այդ գործընթացում կարևոր են ինչպես միջազգային տարբեր հարթակներում համագործակցության վերաբերյալ տարբեր երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես էլ կուլիսներում ձեռք բերվող իրավիճակային համաձայնությունները՝ հիմնված փոխադարձության սկզբունքի վրա: Այս կարևոր գործոնները ևս անտեսվել են վերլուծության մեջ:

ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերլուծության օբյեկտիվության պահպանման համար կարևոր է հաշվի առնել նաև Հայաստանի պետական շահերը քվեարկության դրվող բանաձևերի համատեքստում, ինչը նույնպես անտեսվել է: Քվեարկությունների վերլուծության շրջանակներում հաշվի չեն առնվել նաև տարբեր քվեարկություններից հետո անդամ երկրների ներկայացուցիչների բացատրական ելույթները, որի իրավունքից օգտվում է նաև Հայաստանը՝ պարզաբանելով այս կամ այն հարցում իր դիրքորոշումը:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ վերոնշյալ վերլուծության մեջ առկա թերություններին իր պաշտոնական մեկնաբանության մեջ անդրադարձել է անգամ ՀՀ ԱԳՆ՝ հստակ ամրագրելով, որ «ՀՀ-ն քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից»։ 

Ամփոփելով նշենք, որ ցանկացած երևույթի վերլուծության ժամանակ օբյեկտիվության և ճշգրտության ապահովման համար անհրաժեշտ է այն դիտարկել համակողմանիորեն և ոչ թե ընտրողաբար. հակառակ դեպքում վերլուծության արդյունքները չեն կարող արտացոլել իրական պատկերը, այլ կդառնան հանրությանը շփոթության մեջ գցող փաստերի մանիպուլյացիա:

Նարեկ Մինասյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]