Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

ԱԻ նախարարության INSARAG թիմը տարածաշրջանում լավագույնն է


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 14-ին  ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը կարևորել է ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության արդյունավետությունը, որը միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աղետների հետևանքների վերացման կարողությունների զարգացմանը:

Նախարար Ցոլակյանը ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ԱԻ նախարարության քաղաքականության հիմնական ուղղությունները և իրականացվող միջոցառումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմին, որը, գերազանց կատարելով իր առջև դրված խնդիրը, 2015 թվականին 5 տարի ժամկետով ստացավ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորման հավաստագիրը, որի վերաորակավորման գործընթացը նախատեսված է 2020 թվականի սեպտեմբերի 1-4-ը:

INSARAG արտաքին որակավորման հավաստագիրը փաստում է թիմի բարձր պատրաստվածության և աշխարհի տարբեր երկրներում հնարավոր աղետից տուժած բնակչությանը օգնության հասնելու կարողության մասին:

Նախարար Ցոլակյանը կարևորեց INSARAG չափանիշների համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմերի ձևավորումը Հայաստանի մարզերում:

Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է ավելի ամրապնդել կարգապահությունը, կատարելագործել  շարժունակությունը և տեղում որոշումներ կայացնելու ճկունությունը:

Առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ավելացնել հատուկ նշանակության փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների թիվը:

Խոսելով ԱԻՆ կարիքների մասին, նախարար Ցոլակյանը առանձնացրեց բարձրահարկ (50 մետր և ավելի) շենքերի համար նախատեսված հրդեհաշիջման մեքենաների, ինչպես նաև անտառային հրդեհների ժամանակ ամենագնաց ջրատար մեքենաների անբավարարության խնդիրները:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հիշեց, որ Վրաստանում աշխատելու տարիներին Բորժոմիի 2017 թվականի խոշոր հրդեհի ժամանակ օգնության հասած Հայաստանի հրշեջ-փրկարարները աշխատել են օպերատիվ և արդյունավետ:

Շոմբի Շարիփի համոզմամբ, Հայաստանի INSARAG թիմը լավագույնն է տարածաշրջանում:

Նրա կարծիքով, հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստ է հայտ ներկայացնել  և ստանալ  ավելի բարձր որակավորման աստիճան:

Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տեղեկացրեց հայկական և ռուսական կառավարությունների որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն  ուղարկված  մոտ 130 տոննա մարդասիրական օգնության մասին, որը նախատեսված է ռազմական կոնֆլիկտից տուժած բնակչության համար:

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ