Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան Երևանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեցին նախարարները:

«Նախարարը պաշտոնական այցով է գտնվում Հայաստանում: Այս այցը համալրում է քաղաքական մեր շփումների ու երկխոսության բավական ակտիվ դինամիկան: Սա շարունակական գործընթաց է: Ուրուգվայը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, հուսալի գործընկեր է, յուրաքանչյուր հայի համար նաև պարունակում է մեծ էմոցիոնալ զգացում: Այն երկիրն է, որը դեռ 1965 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և հետագայում` 2004 թ. լրացուցիչ օրենսդրական ակտերով էլ ավելի ամրապնդել այդ ճանաչման փաստը:

Ուրուգվայի հետ մեր միջպետական հարաբերությունները հիմնվում են մեր համընդհանուր արժեքների վրա` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության, նպատակները առաջ տանելու մեր համատեղ գերակայության վրա: Այդ առումով մենք շատ ակտիվ համագործակցում ենք միջազգային հարթակներում: Հայաստանը և Ուրուգվայն ունեն բավական ամուր ձևավորված համագործակցություն տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին` ՄԱԿ-ում: Ուրուգվայը եղել և մնում է կարևոր աջակից Հայաստանի այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելմանը միջազգային օրակարգում: Մենք այսօր մեր երկխոսության ընթացքում առիթ ունեցանք անդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի: Վերահաստատեցինք այն, որ պետք է շարունակենք քաղաքական ակտիվ երկխոսությունը: Կարևորեցինք այն դերակատարությունը, որ Ուրուգվայի հայ համայնքն իրականացնում է, որպես կարևոր կամուրջ երկու պետությունների հարաբերություններում: Այդ մարդիկ` մոտ 20 հազար հայ Ուրուգվայում, նրանք ոչ միայն նվիրված քաղաքացիներ են և մասնակցում են Ուրուգվայի սոցիալտնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական կյանքում, այլ նաև մնում են հավատարիմ իրենց ինքնությանը` որպես հայեր:

Մենք կարևորեցինք խորհրդարանական մակարդակով հարաբերությունների ակտիվ պահպանումը: Արդեն կա ձևավորված բարեկամության խումբ, որը ղեկավարում է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, և մենք նպատակ ունենք` շարունակելու այդ ուղղությամբ: Նաև նշեցինք կարևորությունը` ամրապնդելու համագործակցությունը բոլոր մյուս ոլորտներում` տնտեսական ոլորտում, գիտական, մշակութային, կրթական ոլորտներում: Մենք միմյանց շատ բան ունենք առաջարկելու, և այդ առումով առաջարկեցի, որ միասին աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի ստեղծենք հարթակներ` անմիջական դերակատարներին միմյանց մոտեցնելու համար: Չնայած մեծ տարածություն է մեզ բաժանում, մենք չենք կարող չտեսնել այն մեծ ներուժը, որով կարող ենք էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները:

Ես ներկայացրի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները տարբեր ուղղություններով: Մեր համագործակցությունը, մեր աշխատանքը տարբեր կազմակերպություններում, ինտեգրացիոն գործընթացներում, և լսեցի Ուրուգվայի գերակայություններն ինտեգրացիոն գործընթացներում, և վերահաստատեցինք, որ այս կարևոր հարաբերությունները, որ մենք ունենք, շարունակական է»,- նշեց Մնացականյանը:

Ռոդոլֆո Նին Նովոան նշեց, որ իր համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել մի երկրում, որը Ուրուգվայի 19-20 հազար քաղաքացիներ համարում են իրենց մայր հայրենիքը:

«Բազում իմ հայրենակիցներ Ուրուգվայում այս երկիրը բնորոշում են, որպես իրենց հայրենիք: Այս 19-20 հազար հայերը, որոնք ապրում են Ուրուգվայում, Հայաստանին կոչում են մայր հայրենիք, և նրանք բազմաթիվ արտահայտումներով ինտեգրված են Ուրուգվայի հասարակության մեջ` ունենք զբոսաշրջության նախարար, որը հայերի ժառանգ է, համալսարանի ռեկտոր, մարզիկներ, ձեռնարկատերեր, որոնք իրենց մեծ ներդրումն են բերել ազգային զարգացմանը: Հայաստանի հետ ունեցած երկկողմ դիվանագիտական այս 27 տարիների ընթացքում դրանք շատ են սերտացել, և հիմնված են փոխադարձ հարգանքի, ընկերության, և միջազգային իրավունքի առնչությամբ ընդհանուր տեսլականի ու հայացքների վրա:

Ուրուգվայն առաջին երկիրն է, որը պաշտոնապես 1965 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Եվ 2004 թ. մենք ճանաչեցինք ապրիլի 24-ը, որպես Հայ զոհերի հիշատակման օր: Այդ օրենքում նշվում է, որ հեռուստառադիոհեռարձակման ծառայությունները պետք է պարտադիր տրամադրեն ժամանակ այդ ցավալի դեպքի հիշատակմանը:

Կան շատ ճանապարհներ, որոնց ուղղությամբ կարող ենք դեռ աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ` առևտուրը, տնտեսական հարաբերությունները, սպորտային, մշակութային ոլորտները, և այս առումով մենք ունենք լավ, նորմատիվ հիմք, որը համաձայնեցվել է երկու պետությունների միջև: Ունենք շրջանակային համաձայնագիր` համագործակցության մասին, տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, սովորական անձնագիր կրողների համար վիզայի անհրաժեշտության բացառման մասին համաձայնագիր, սպորտի ոլորտում, մշակույթի ոլորտում համագործակցության համաձայնագրեր, ինչպես նաև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագիր: Տեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկիրը Հայաստանին առաջարկում է իր փորձը»,- ասաց Նովոան:

 

 




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ