Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Ուրուգվայի և ՀՀ արտգործնախարարները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար այլընտրանք չեն տեսնում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարները հայտնեցին օգոստոսի 14-ին Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես առիթ ունեցա մանրամասնորեն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները, դիրքորոշումն ու դիրքորոշման տրամաբանությունը: Վերահաստատեցի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգությունը եղել և մնում է գերակա հարցը մեր մոտեցումներում, և դրանից բխող կարգավիճակի հարցը մնում է գերակա հարց մեզ համար: Ես նշեցի, որ համապատասխան միջավայրի ստեղծումը՝ խաղաղ գործընթացն առաջ տանելու համար, կարևորագույն հարց է եղել և մնում է: Մանրամասնեցի, թե ինչ է նշանակում մեր մոտեցման մեջ այն, որ վերաբերում է այն հարցին, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Եվ ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջն այն ընկալումների համար, որոնցով ինքը կիսվեց ինձ հետ այդ հարցի առումով»,- ասաց Մնացականյանը:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ իրենց երկիրը խաղաղության սիրահար է, և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին:

«Ուրուգվայը խաղաղության սիրահար երկիր է, և պարոն նախարարը շատ հստակ ու պարզ մեզ բացատրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Մեր երկիրը աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում 1995 թ. ստանձնած մանդատի համաձայն, որպեսզի բանակցված լուծում ձեռք բերվի՝ հիմնված նաև ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթում ներառված սկզբունքների վրա: Ինչպես ասում է իմ ընկեր նախարարը՝ այս կոնֆլիկտի խաղաղ լուծմանն այլնտրանք չկա»,- նշեց նախարարը:

Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ