Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Գեղարքունիքի մարզպետն իր աջակցությունն է հայտնել «Նոր Սեմյոնովկա» ՀԿ ներկայացուցիչներին


ԳԱՎԱՌ,13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Նոր Սեմյոնովկա» ՀԿ  ներկայացուցիչներին`կազմակերպության գործունեությանը, ծրագրերին եւ առաջիկա անելիքներին ծանոթանալու նպատակով:    

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  հանդիպման սկզբում  հասարակական կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրին, որ  կազմակերպությունը հիմնվել է 22 տարբեր մասնագիտություն ունեցող անձանց միավորումից: Վերջիններս պատահականության սկզբունքով ընտրել են իր աշխարհագրական դիրքով կտրված, զարգացվածության ցածր աստիճան ունեցող Սեմյոնովկա համայնքը  եւ հետամուտ են լինելու  այդ համայնքի զարգացմանը:

«Մեր կազմակերպությունը շահած փոքր դրամաշնորհի հաշվին Սեմյոնովկա համայնքում գնել է մի օբյեկտ, որը, իրականացվելիք բարեկարգումից հետո, կծառայի որպես ժամանցի, զվարճանքի կենտրոն համայնքի բնակիչների և, հատկապես, երիտասարդների համար: Սեմյոնովկա համայնքի համար ունենք զարգացման հեռանկարային տարբեր ծրագրեր: Մենք ձգտում ենք Սեմյոնովկայի բնակչության տրամադրությունը փոխել, ապահովել նրանց առաջընթացն ու զարգացումը, ներգրավել համայնքային տարբեր ծրագրերի իրականացման գործում: Նպատակ ունենք՝ այստեղ զարգացնել նաեւ տուրիզմը եւ էկոտուրիզմը, հեռանկարներ ունենք ձմեռային տուրիզմի զարգացման ուղղությամբ եւ տուրիստների հոսքը համայնքում ապահովել տարվա բոլոր եղանակներին: Ունենք նաեւ բիզնես գաղափարներ ու կցանկանայինք այս եւ մնացած բոլոր ձեռնարկներում համագործակցել Գեղարքունիքի մարզպետարանի հետ եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի ավելի արդյունավետ կերպով իրականացնենք համայնքի զարգացմանը միտված գաղափարները»,- նշեցին կազմակերպության կամավորները: 

Զրույցի ընթացքում կողմերը կարեւորեցին նաեւ  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: 
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց «Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, հույս հայտնելով, որ կազմակերպության կողմից պլանավորված հետաքրքիր գաղափարները կնպաստեն Սեմյոնովկա համայնքի մի շարք խնդիրների կարգավորմանը:

«Փոքր համայնքները մի տեսակ զրկված են շատ հնարավորություններից: Առաջիկայում մենք ունենք համայնքների խոշորացման ծրագիր, եւ ես համոզված եմ , որ Սեմյոնովկան այս դեպքում կշահի: Եթե դուք ձեր ծրագրերով նպաստեք համայնքի բնակիչների գաղափարների եւ ցանկությունների միավորմանը, ապա այն կարող է իր նպաստը ունենալ գյուղի զարգացման հարցում: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցել ձեզ»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: 

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ