Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Արդարադատության փոխնախարարն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն  ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեա-Դեմոկրատական միություն խմբակցության պատգամավորներին՝ պատվիրակության ղեկավար Մարկուս Կուրցեի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ նրանց կատարած այցը համընկել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների փուլին:

Հայաստանի Հանրապետությունում ԳԴՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ընդգծելով, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասը հատուկ հարաբերությունների ունի Հայաստանի Հանրապետության հետ, հանդիսանում է Հայաստանի գործընկեր երկրամասը Դաշնության շրջանակում՝ կապված լինելով տնտեսական, մշակութային, գիտական և այլ կապերով:

Պատվիրակության ղեկավար Մարկուս Կուրցեն իր հերթին շնորհակալություն է հայտնել և հետաքրքրվել Հայաստանի արդարադատության ոլորտում կատարվող ընթացիկ բարեփոխումներից:

Փոխնախարար Գրիգորյանը, ներկայացնելով ընթացող բարեփոխումների գործընթացը, կարևորել է դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման գործընթացները:

Պատվիրակության անդամների հարցադրումներին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների նպատակներն ու գործիքակազմերը՝ անդրադառնալով դատարանների բեռնաթափմանը, դատավորների և իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների բարեվարքության և գույքային դրության ստուգմանը, շարունակական կրթության անհրաժեշտությանը և սոցիալական երաշխիքների ամրապնդմանը:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շրջանակում փոխնախարարն ընդգծել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, կոռուպցիոն գործերով նախաքննություն իրականացնող մարմնի, ինչպես նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ձևավորման գործընթացները:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը նշել է նաև պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման շարունակականությունը, ինչպես նաև անդրադարձել էլեկտրոնային արդարադատության ներդրմանը:

Փոխնախարար Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ Արդարադատության նախարարության սերտ և հուսալի համագործակցության պատմությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև քրեակատարողական ոլորտին, անչափահասների արդարադատությանը,  նոտարական համակարգին և մի շարք այլ հարցերի:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շնորհակալություն են հայտնել փոխադարձ հետաքրքրվածության և սերտ համագործակցության համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ