Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նոր հայեցակարգեր՝ սովորել սովորեցնող դասագրքերի գալիք սերունդը. հարցազրույց «Զանգակ»-ի տնօրենի հետ

 Նոր հայեցակարգեր՝ սովորել սովորեցնող դասագրքերի գալիք սերունդը. հարցազրույց 
«Զանգակ»-ի տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգակը» ստեղծում է մանկավարժական և կրթական նոր պահանջներին համապատասխան դասագրքեր, իրականացնում ուսուցչի աշխատանքը հեշտացնելուն միտված բազմաթիվ նախաձեռնություններ: Այս և այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ:

-«Զանգակ» հրատարակչությունը ստանձնել է նոր սերնդի դասագրքեր ստեղծելու բարդ ու պատասխանատու աշխատանքը: Այսինքն՝ «հին» սերնդի դասագրքերն իրենց սպառե՞լ են:  

- Որպես դասագրքաստեղծ կառույց` «Զանգակը» միշտ էլ փորձել է ստեղծել տվյալ ժամանակի մանկավարժական և կրթական պահանջներին համապատասխան դասագրքեր: Այսօր առավել, քան երբևէ թե՛ հասարակության, թե՛ պետության կողմից կրթության առջև դրված պահանջներն ավելի խիստ ու տարողունակ են: Համաշխարհային մանկավարժական գիտությունն օր օրի այդ պահանջներին համապատասխան առաջարկում է իր նորագույն լուծումները: Այս համատեքստում էլ կարևոր անհրաժեշտություն է դարձել նոր պահանջներին համապատասխան, նորարական մոտեցումներով ու լուծումներով հագեցած դասագրքերի հրատարակումը:

-Իսկ արդյո՞ք փոխվել է կրթության նպատակը:

-Կրթության գլխավոր միտումը սովորել կարողացող, սովորելու գաղտնիքներին տիրապետող, սովորելու կարողություններով ու հմտություններով զինված մարդու ձևավորումն է: Դա ենթադրում է, որ այս միտումը պետք է լինի ողջ ուսումնական գործընթացի առանցքում, հետևաբար նաև այն իրականացնող գործիքամիջոցների, մասնավորապես դասագրքերի կազմման սկզբունքների հիմքում: Այո՛, ժամանակակից կրթությունը պետք է լինի սովորել սովորեցնող, և քանի դեռ ուսուցման/ուսումնառության գործընթացում դասագիրքը պահպանում է իր կարևորագույն դերը, և կարծում եմ` դեռ երկար ժամանակ կպահպանի, ուստի դասագրքերը գիտելիքների դասական ակադեմիական աղբյուրից բացի պետք է լինեն նաև սովորել սովորեցնող գործիքամիջոցներ: Սա, իհարկե, չի նսեմացնում դասագրքերի դերը` որպես գիտելիքի կարևոր ու համակարգված աղբյուրի, ավելին` փորձում ենք դրանց վերագրել օրվա հրամայական դարձած մի կարևոր գործառույթ ևս: Եվ դասագրքի նոր հայեցակարգը պետք է մատնանշի այն մոտեցումներն ու միտումները, որոնք դասագիրքը կդարձնեն սովորել սովորեցնող: Իսկ դրանք շատ բազմազան են:

-Վերջերս «Զանգակը» հանրապետության տարբեր դպրոցների շուրջ 50 ուսուցիչների մասնակցությամբ հրավիրեց աշխատաժողով ՝ քննարկելու դասագրքերում վերոնշյալ ռազմավարությունների ներառման նպատակահարմարությունը: Ուսուցիչներին դասագրքաստեղծ գործընթացում ներգրավելը նո՞ր մշակույթ է մեզանում:

-Այո՛, կարող ենք այդպես ասել: Այսուհետ դասագրքերը «Զանգակը» ստեղծելու է ուսուցիչների լայն խմբերի մասնակցությամբ: Այն ուսուցիչները, որոնք գործուն մասնակցություն կունենան դասագրքաստեղծ գործընթացին, կքննարկվի դասագրքերում նրանց անվան ներառման հարցը. նրանք կարող են ընդգրկվել հեղինակային խմբում, խմբագրական կազմում կամ խորհրդատու ուսուցիչների խմբում: Կարծում եմ` դա կբարձրացնի և՛ նրանց, և՛ մեր պատասխանատվությունը կիրառելի դասագիրք ստեղծելու հարցում, ինչպես նաև նրանց հեղինակությունը կրթական ու հանրային միջավայրերում: Ուսուցիչների գործուն մասնակցության քայլերից մեկը հենց աշխատաժողովներին մասնակցելն է:

-Հաշվի առնելով, որ ուսուցիչներն առաջին անգամ էին մասնակցում նման աշխատաժողովի, ինչպե՞ս կգնահատեք արդյունքները:

- Մենք ներկայացրինք և քննարկեցինք այն ռազմավարությունները, որոնք փորձում ենք ներառել «Գրականության» և «Մայրենիի» դասագրքերում ու ձեռնարկներում` սկսած նախադպրոցական տարիքից մինչև ավագ դպրոցական տարիք: Դրանցից մի քանիսը ներկայացրինք օրինակներով: Միասին աշխատեցինք դրանց կիրառման ուղղությամբ և այժմ վերլուծում ենք ստացված արդյունքները: Ուսուցիչների համար ակտիվ ընթերցանության ռազմավարությունները նոր բան չեն: Ավելին՝ այդ ռազմավարությունները մենք դուրս ենք բերել մեկուկես–երկու տարվա հետազոտությունների արդյունքում՝ ուսումնասիրություններ անցկացնելով հանրապետության բազմաթիվ դպրոցներում: Իհարկե, դրան զուգահեռ ուսումնասիրել ենք նաև զարգացած կրթություն ունեցող երկրների փորձը:

- Ուսուցիչներն ու հանրությունը կարո՞ղ են ակնկալել, որ այս գործընթացը շարունակական կլինի:

- Մեր աշխատաժողովները ունենալու են պարբերական բնույթ: Դրանց ընթացքում քննարկելու ենք դասագրքերի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների, էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման հայեցակարգային հարցեր թե՛ ընդհանրական, թե՛ առարկայական բնույթի: Փորձելու ենք ուսուցիչների հետ միասին գտնել այն կարևոր բանալիները, որոնք դասագրքերն ու ուսումնաօժանդակ ձեռնարկները կդարձնեն ավելի նպատակային, ինտերակտիվ ու կիրառելի: Դուրս ենք բերելու մեթոդական ձեռնարկների այնպիսի կառուցվածք ու բովանդակություն, որոնք հնարավորինս կօգնեն նրանց իրենց աշխատանքները կազմակերպելու ավելի հեշտ, միևնույն ժամանակ` ավելի արդյունավետ: Մեր համագործակցությունը ամեն կերպ ուղղված է լինելու ուսուցչի աշխատանքը հեշտացնելուն: Աշխատաժողովների մի ամբողջ շարք նվիրելու ենք էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման ու կիրառման հնարավորությունների քննարկմանը: Այս առումով ևս ակնկալում ենք ուսուցիչների գործուն մասնակցությունը դրանց թե՛ ստեղծման և թե՛ կիրառման մեթոդների մշակման գործում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]